Վարորդների (բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և այն վարորդների, ովքեր զբաղված են միջազգային փոխադրումներով, ինչպես նաև աշխատում են հերթափոխային բրիգադների կազմում), ովքեր աշխատում են ՀՀ տարածքում գրանցված` վճարովի փոխադրում իրականացնող կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ, նրանց աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:
Երթուղում աշխատանքի ժամանակացույցը սահմանվում և հաստատվում է գործատուի կողմից, որի համաձայն էլ սահմանվում են ամենօրյա աշխատանքի սկիզբը, ավարտը, հանգստի ու սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա և ամենշաբաթյա հանգստի ժամանակը:
Միջքաղաքային փոխադրումներ կատարող վարորդների հեռավոր երթուղի գործուղման ժամանակ, որի դեպքում վարորդն ամենօրյա աշխատանքի ժամանակացույցով սահմանված ժամանակում չի կարող վերադառնալ մշտական աշխատավայր, սահմանվում է ժամանակացույց` ավտոմոբիլի երթևեկության և կանգնելու տեղի համար: Նման դեպքերում վարորդի ամենօրյա աշխատանքի տևողությունը կարող է ավելացվել մինչև 12 ժամ և եթե վարորդի մնալն ավտոմոբիլում նախատեսված է 12 ժամից ավելի տևողությամբ, ապա երթուղի է մեկնում երկու վարորդ, իսկ ավտոմոբիլը պետք է սարքավորված լինի վարորդի հանգստատեղով:
Վարորդի ամենօրյա աշխատանքի տևողությունը կարող է ավելացվել մինչև 12 ժամ

