Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արտակ Վարդանյանի շարունակեց Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 26-ին՝ ժամր 15.30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի 23/1 հասցեում գտնվող Կենտրոն և Նորք-Մարւսշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ, մասնակցելով որպես ամբաստանյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով), խափանելով դատաքննության նորմալ ընթացքը, իր մոտ եղած ածելիով վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը, ապա, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, դրանով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանին հարվածելու դիտավորությամբ փորձել է նետել նրա ուղղությամբ, ինչը կանխվել է ծառայություն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից, այնուհետև, մոտենալով Սամվել Հարությունյանին ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին, այսինքն` կատարել է քրեական օրենքով արգելված արարք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը, նրա պաշտպան Արամ Ճուղուրյանը և մեղադրող Ջոնի Ֆարխոյանը: Իսկ տուժողը, որը հանդիսանում է դատախազ, դատական նիստին չէր ներկայացել, դատական նիստին ներկայացել էին նաև գործով անցնող վկաները:
Դատական նիստի ժամանակ ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը` հարցաքննել վկաներին, տուժողին, հրապարակել գործում առկա փաստաթղթերը և հետո հարցաքննել ամբաստանյալին:
Գործով վկա, լրագրող Ռուզաննա Մինասյանը հայտնեց, որ ինքն այդ դեպքի օրը լուսաբանում էր տվյալ դատական նիստը: Ռուզաննա Մինասյանը հայտնեց, որ դատական նիստի ժամանակ ամբաստանյալն իրեն ինքնավնասել է և այդ ժամանակ ամբաստանյալի մորաքույրը վատացել է և դատարանում սկսվել է իրարանցում: Հետո մեղադրող Ս.Հարությունյանը նրա պատմել է, որ ամբաստանյալն իրեն հարվածել է: Վկայի խոսքերով դահլիճում իրարանցում է եղել` ինքը անձամբ չի տեսել, թե ամբաստանյալը խփել է մեղադրողի թե ոչ, միայն պատմելով է իմացել, որ նման բան է եղել:
Հաջորդ վկան դատական նիստի քարտուղարն էր, որտեղ դեպքը պատահել է: Վկան հայտարարեց, որ դատական նիստի ժամանակ ամբաստանյալի պաշտպանը հայտարարել է, որ Ստեփան Հովակիմյանն ինքնավնասել է իրեն և, այդ լուրը իմանալով, նախագահող դատավորը անմիջապես դադարեցրել է դատական նիստը, և մեղադրողի դուրս գալու ժամանակ ամբաստանյալը հարվածել է մեղադրող Հարությունյանին, բայց նշեց, որ կոնկրետ չի հիշում, թե որտեղին է հարվածել, քանի որ դատական նիստերի դահլիճում իրարանցում էր:
Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան
Աղբյուրը`Իրավաբան.net