Հիմնական ի՞նչ պարտականություններ ունեն տրանսպորտային միջոցների սեփականատերերը և վարորդները

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն.

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի:

2. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`

ա) երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել`

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը.

2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների և հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաև անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաև երթևեկության ընթացքում.

բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝

1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը և բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).

2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).

գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝

1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.

2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).

3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում՝

1) անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).

2) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.

3) սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ազատել երթևեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը խոչընդոտված է.

4) պատահարի մասին հայտնել ոստիկանություն և սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն:

3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից և օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և հաշմանդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա:

Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են հեռացնել դրանց վարումից նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։

4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժողներ չկան, ապա վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային մարմին՝ պատահարը սահմանված կարգով ձևակերպելու համար:

5. Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը, բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից, պարտավոր է՝

ա) իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝

1) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը.

2) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)

4) ուղևորների և բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն և այլն).

բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին.

գ) մոտոցիկլով երթևեկելիս լինել կոճկված սաղավարտով և չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղևորների:

6. Միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝

ա) իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթևեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի առկայության դեպքում՝ նաև այլ փաստաթղթեր.

բ) տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով և արաբական թվերով համարանիշեր և այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:

7. Վարորդին արգելվում է՝

ա) տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում.

բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց.

գ) լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ.

դ) բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.

ե) բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա կխոչընդոտի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին.

զ) ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների), կամ ընթացքի ժամանակ ծխել.

է) տրանսպորտային միջոցից դուրս նետել իրեր և առարկաներ.

ը) ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:

8. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:

Հեծանվորդների, լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ, բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ էլ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:

9. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա մոպեդների վարորդները և հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից դուրս գալիս սահմանափակ տեսանելիության տեղերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:

10. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին, ընդ որում` հնարավորին չափ ճանապարհի աջ եզրով:

Երկաթուղային գծանցներով կենդանիներին քշելիս անասունները պետք է բաժանվեն այնպիսի երկարությամբ խմբերի, որպեսզի անասնավարների քանակից ելնելով` հնարավոր լինի ապահովել անցման անվտանգությունը:

11. Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է՝

ա) երթևեկել առանց ղեկը բռնելու.

բ) փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).

գ) փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն, կամ եթե բեռը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.

դ) հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել արահետից դուրս.

ե) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին:

Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:

12. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է՝

ա) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության.

բ) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին.

գ) օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում անասուններին անցկացնել երկաթգծերով և ճանապարհներով, իսկ մնացած ժամանակ՝ դրա համար նախատեսված տեղերից դուրս.

դ) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով:

Արգելվում է վարել լծասայլ, եթե այն՝

ա) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով և հակագլորման հենակներով.

բ) առջևի մասում չունի սպիտակ գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար).

գ) հետևի մասում չունի կարմիր գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել