Երկար ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ, այնուհետև կայացվել է վճիռ: Վճիռը բողոքարկել եմ ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ: Վճիռը թողնվել է անփոփոխ, որովհետև գտնում եմ դատարանը օբյեկտիվ չի եղել: Արդյո՞ք պաշտպանվելու այլ տարբերակ չկա:
Հարգելի° ընթերցող,
ՀՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում, մեր օրենսդրությունն այլևս արգելում է ՀՀ-ում գործող մարմինների միջոցով իրականացնել մեր իրավունքների պաշտպանություն: Իհարկե, գոյություն ունի նաև Սահմանադրական դատարան, որը, սակայն, քննում է միայն սահամանադրականությանը առնչվող հարցեր: Իսկ ինչ պետք է անել այս դեպքում: Հարգելի ընթերցող, գոյություն ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն իրենից ներկայացնում է միջազգային դատական ատյան և կոչված է ապահովելու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթների իրագործումը այդ կոնվենցիային միացած և ԵԽ անդամ հանդիսացող բոլոր պետությունների կողմից: ՀՀ-ն ևս հանդիսանում է ԵԽ անդամ և միացել է տվյալ կոնվենցիային, ինչը նշանակում է, որ մենք ևս կարող ենք մեր խախտված իրավունքների պաշտպանությունը գտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Սակայն մինչ տվյալ դատարան դիմելը, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Այսպես, եթե առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլևս սպառվել են ներպետական պաշտպանության միջոցները, այսինքն եթե վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է վճիռ, որի դեմ այլև չենք կարող պայքարել ՀՀ-ում գործող մարմնինների միջոցով, ապա տվյալ վճռի կայացման պահից մինչև 6 ամիսը մեզ ընձեռնված է հնարավորություն դիմելու եվրոպական դատարան: Հետևաբար չպետք է թողնենք, որպեսզի ներպետական վերջնական որոշումից անցնի 6 ամիս, այլապես եվրոպական դատարանը չի քննի մեր դիմումը: Կարևոր է նաև նկատի ունենալ հետևյալը: Եվրոպական դատարանը քննում է միայն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների` անդամ պետությունների կողմից խախտման դեպքերը: Այսինքն դատարանի կողմից ձեր դիմումը քննելու համար անհրաժեշտ է, որ խախտված լինեն ձեր այն իրավունքները, որոնք նախատեսված են վերոհիշյալ կոնվցենցիայով: Այն հանգամանքը, որ Ձեզ անազատության մեջ պահել են ապօրինի, դա արդեն ինքնըստինքյան հանդիսանում է վերոհիշյալ կոնվենցիայի խախտում, քանզի կոնվենցիայի 5-րդ հոդվածը ամրագրում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դատարանը հաշվի չի առել մի շարք փաստերը, գործել է ոչ անաչառ, սա ևս կոնվենցիայով նախատեսվածիրավունքի խախտում է, ինչն իր արտացոլումը գտել է կոնվենցիայի 6-րդ հոդվածում` արդար դատաքննության իրավունք:
Փաստորեն եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները` բողոքի առարկա կարող է լինել միայն Եվրոպական կոնվենցիայով և դրա կից արձանագրություններով նախատեսված իրավունքների և ազատությունների խախտումները, իրավունքների խախտումները պետք է տեղի ունեցած լինեն տվյալ պետության կողմից կոնվենցիան վավերացնելու հետո, նշեմ, որ ՀՀ-ն կոնվենցիան վավերացրել է 2002 թվականի ապրիլի 26-ին, ինչպես նաև պետք է սպառված լինեն ներպետական պաշտպանության բոլոր միջոցները և դիմումը ներկայացվի ներպետական դատական համակարգի վերջնական որոշումից հետո ոչ ուշ, քան 6 ամիսը:
Հարգելի° քաղաքացի, Ձեր մատնանշած խախտումը համապատասխանում է եվրոպական կոնվենցիայով նախատսեսված իրավունքներին, հետևաբար, եթե վճռաբեկ դատարանի կայացրած վճռից դեռևս չի անցել 6 ամիս, կարող եք դիմել Եվրոպական դատարան` կազմված դիմումը ուղարկելով The Register European Court of Human Rights, Council of Europe, F-67075 Strasburg Cedex հասցեով: Հիշեցնեմ նաև, որ դատական տուրք գոյություն չունի: Սակայն գործի քննությունը կարող է տևել 4-5 տարի:
Հարց 2. Ինձ հետաքրքրում է, արդյո՞ք ունենալով աշխատանք, կարող եմ այն համատեղել այլ աշխատանքի հետ:
Պատասխան 2. Հարգելի ընթերցո’ղ, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է աշխատանքային պայմանագրի տարբեր տեսակներ: Դրանցից մեկն էլ հանդիսանում է համատեղությամբ աշխատանք կատարողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Ընդ որում, պետք է նշել, որ պայմանագրի այս տեսակը համարվում է որոշակի ժամանակով կնքված աշխատանքային պայմանագիր:
Այսպես, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի` համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է: Եվ նմանատիպ դեպքերում աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ: Պետք է ընդգել նաև, որ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:
Հարց 3. Որո՞նք են վերջին շրջանում ՔԿԱԳ ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումները, և ի՞նչ կարգով է կատարվում ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ և փոփոխություններ:
Պատասխան 3. Հարգելի ընթերցո’ղ, ՙՔաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական կացության ակտերը քաղաքացիների այնպիսի գործողությունները կամ դեպքերն են, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքներն ու պարտականություները, ինչպես նաև բնութագրում են նրանց իրավական վիճակը: Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը /այսուհետ` ՔԿԱԳ/ իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինը: Դուք ճիշտ եք նկատել, այս ոլորտում կատարվել են որոշակի բարեփոխումներ: Մասնավորապես, նախկինում օրենքը նախատեսում էր, որ ամուսնության գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Իսկ կատարված փոփոխություններից հետո վերացվել է ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելության սահմանափակումը` թույլ տալով մարզերի բնակիչներին ամուսնության պետական գրանցում իրականցնել նաև Երևան քաղաքի ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատի ՔԿԱԳ տարածքային բաժնում: Այնուհետև, կրճատվել են ամուսնության գրանցման ժամկետները. ամուսնության ակտերը պարտադիր պետք է գրանցվեն 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, այնինչ մինչև փոփոխությունները օրենքը 1-3 ամիս էր նախատեսում: Բացի այդ, օրենքով հստակեցվել են հարգելի պատճառները, որոնց դեպքում ամուսնության գրանցումը պետք է արագացվի (օրինակ` հղիություն, զինծառայություն և այլն): Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ և փոփոխություններ կատարելուն, ապա նշենք, որ ՔԿԱԳ մարմինը ուղղումներ կատարում է օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, քաղաքացիների միջև սույն խնդրի կապակցությամբ վեճի բացակայության պայմաններում: Քաղաքացիական կացության ակտի մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գրավոր դիմումը շահագրգիռ կամ սահմանված կարգով լիազորված անձը նեկայացնում է իր բնակության վայրի կամ քաղաքացիական կացության ակտի գրառումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին: Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: Իսկ եթե սույն խնդրի կապակցությամբ շահագրգիր անձանց միջև առկա է վեճ, ապա քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումները, լրացումները և փոփոխությունները կատարվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: