Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Լուսինե Նալբանդյանի հետ քննարկեցին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը (ՀՀԾ)։
Փորձագետը նախ ներկայացրեց իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ տարածված մոդելները՝ ներկայացնելով անգլոսաքասոնական և մայրցամաքային իրավունքի երկրների փորձը։ Այնուհետև, նա խոսեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին, որոնց շրջանակում Հայաստանը պարտավոր է նախատեսել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտը։ Շեշտադրում կատարեց ՀՀԾ-ի ներդրման անհրաժեշտության վրա Հայաստանում՝ ներկայացնելով փաստեր ՀՀ-ում բիզնես ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, մասնավորապես՝ Հայաստան ներդրումներ կատարող երկրների կոռուպցիայի դրսևորումներով հանդես գալու բարձր ռիսկայնությունը։ Ինչպես նաև, նա անդրադարձավ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների անհատական և գլոբալ օգուտներին, եթե վերջիններս ներդնեն ՀՀԾ-ն իր բոլոր բաղադրիչներով։ Նրա խոսքով՝ մասնավոր ոլորտին անհրաժեշտ է ՀՀԾ-ի ներդնումը։ Այն կօգնի ընկերությանը խուսափել քրեական պատասխանատվությունից, կկրճատի գործարարության ծախսերը, կներգրավվի նոր ներդրումներ, կբարձրացնի տվյալ ընլկերության գործարար համբավը, կառողջացնի ՀՀ-ի բիզնես միջավայրը և կկանխի կոռուպցիոն ռիսկերի ի հայտ գալը, ինչը աստիճանաբար կնպաստի կոռուպցիայի նվազեցմանը բիզնես ոլորտում։
ՀՀԾ-ի կարևոր է սկզբունք է ընկերության ղեկավարի ներգրավվումը տվյալ գործընթացքում, հաշվետվողականությունը, գործընթացի թափանցիկությունը, արդյունավետությունը, վերահսկողությունը և աշխատակիցների ներգրավվումը։ Փորձագետն իր խոսքում նշեց, որ կարևոր է ՀՀԾ-ն, ներառյալ՝ կորպորատիվ կառավարման, էթիկայի, գործարար շրջանառության կանոնները ներդնելիս հանձնառությունը դրսևորվի ղեկավարության կողմից։ Ղեկավարությունը պետք է ձգտի ներգրավել աշխատակիցներին այդ գործընթացի մեջ՝ օրինակ ծառայելով նրանց համար։
«Կարևոր է նաև ռիսկերի գնահատումը։ Պետք է որոնել թույլ կողմերը, որոշել կոռուպցիայի ծագման հավանականության աստիճանը, հատուկ ուղադրություն դարձնել կոռուպցիայի ծագման հնարավորությունների վրա։ Պետք է ներդնել ռիսկերի կառավարման պլան, կատարել պլանի գնահատում և պարբերաբար վերանայել պլանը։ ՀՀԾ-ն քարացած համակարգ չէ․ այն ենթադրում է մշտապես բարելավում և մոնիթորինգ։ Չենք կարող ՀՀԾ-ն ներդնել միայն մասնավոր սեկտորում և հաջողել կոռուպցիայի դեմ պայքարում․ այն պետք է գործի նաև հանրային ծառայողների շրջանակում»,-նշեց Լուսինե Նալբանդյանը։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: