«Սանիթեք» ընկերության Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսը վտանգներ է պարունակում: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ շտապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեր հասարակությունը երկար ժամանակ սպասում էր խնդրի լուծմանը և ոչ՝ մեկնաբանությունների: Մենք կարծում ենք, որ սա կարող է լուրջ վնաս լինել և՛ մեր քաղաքին, և՛ պետությանը: Այն կարող է հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները, որովհետև խոսքը գնում է մի կազմակերպության մասին, ով հանդիսանում է օտարերկրյա ներդրող և այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս, նման քննարկում իրականացնելը մենք կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա»,-նշեց Դավիթ Խաժակյանը:
Ավագանու անդամը կոչով դիմեց «Սանիթեք» ընկերության ղեկավարներին, համասեփականատերերին՝ զերծ մնալ նման քայլից, քանի որ նախադեպ է լինելու ոչ միայն մասնավոր կազմակերպության, համայնքի, պետության համագործակցության հարցում, այլև այլ պետությունների հետ համագործակցելիս ևս: Դավիթ Խաժակյանի խոսքով, այդ ասուլիսը չպետք է տեղի ունենա և «Սանիթեք»-ը պետք է Երևանում իր պարզաբանումները տա լրագրողներին ու երևանցիներին:
Նա նշեց, որ քաղաքապետարանը հասարակությանը միայն մեկ կոչ ունի` «սպասե՛ք և սպասե՛ք» և ավագանու անդամներն այլևս չգիտենք քաղաքապետից ինչ պահանջեն:
Դավիթ Խաժակյանն առանձնահատուկ շեշտեց, որ «Սանիթեքը» և քաղաքապետարանը ինքնանպատակ հակամարտության մեջ են մտել և ո՛չ քաղաքապետարանն է «Սանիթեք» ընկերության հետ խնդրի լուծման ուղղությամբ քայլ իրականացնում, և ո՛չ էլ «Սանիթեք»-ն է ականջալուր լինում հասարկությանը: «Փաստորեն այս երկու կողմերը վեճի են բռնվել և արդյունքում տուժում է մեր քաղաքը, մեր հասարակությունը և հարցին պետք է տրվի այլևս քաղաքական լուծում»,-ասաց ավագանու անդամը:
Խաժակյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ամառվանից հետո, «Սանիթեք»-ը ձեռք բերեց մի քանի բեռնատար մեքենաներ, սակայն ակնհայտ էր, որ դրանք չէին բավարարելու և այս առումով ներդրումները, ըստ էության, Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում կանգնեցին: Ըստ Խաժակյանի` խնդրի պատասխանը պետք է տա և՛ Հայկ Մարությանը, և՛ «Սանիտեքի ղեկավարությունը, թե ինչու են դադարել ներդրումները: Անդրադառնալով Թբիլիսիում ասուլիս անցկացնելու որոշմանը, ավագանու անդամը նկատեց, որ այդ քայլը այնքան էլ չի համապատասխանում մի կազմակերպության, որն ունի ֆինանսական խնդիրներ, քանի որ այդ գումարով կարելի էր մի քանի աղբաման ավել գնել և իրենց սեփական գրասենյակում անցկացնել այդ ասուլիսը:
«Չեմ կարծում, թե Նուբարաշենի, երևանյան աղբամանների պրոբլեմների մասին պետք է խոսել, ցույց տալ Թբիլիսիում»,-ասում է Խաժակյանն ու նշում, որ իրեն պարբերաբար հարցնում են, թե հնարավոր է Տարոն Մարգարյանն էլ է փայ ունեցել, ասում են այսպիսի ինֆորմացիա է շրջանառվում, որ Տարոն Մարգարյանը ունեցել է մեքենաներ, բեռնատարներ, որոնք հեղափոխությունից հետո տարել է և իրավիճակը քաղաքում սրվել է: «Ես կարծում եմ եթե նման բան լիներ քաղաքապետարանը դրա մասին կխոսեր: Կարծում եմ խնդրի լուծումը ոչ թե պետք է պատճառների մեջ փնտրել, այլ տալ խնդրի լուծում: Տասը ամիս անց մենք ունենք դեռևս խոստում և չլուծված համակարգ» -ընդգծեց Խաժակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում