Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, Իրավաբանների հայկական ասոցիացիան արդարադատության նախարարության, Էջմիածնի քաղաքապետարանի և Հայաստանի համայնքների միության գործընկերությամբ, այսօր՝ հուլիսի 24-ին, Էջմիածնի քաղաքապետարանում կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը տեղական ինքնակառավարման մարմիններում․ միջազգային փորձն ու առաջիկա անելիքները» խորագրով քաղաքացիական հասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համաժողովը:
«Ներկայումս մշակվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը, որտեղ դրույթ ունենք՝ 15 հազար և ավելի բնակչություն ունեցող քաղաքաներում նույնպես ներդնել հակակոռուպցիոն ռազմավարությունները ու դրա գործողությունների ծրագրերը: Քննարկումների շարքում սա առաջին հանդիպումն է և շատ կարևոր է, որ քննարկումն անցկացվեր այնպիսի համայնքում, որտեղ հետհեղափոխական զարգացումներ ունենք».- համաժողովին՝ ողջույնի իր խոսքում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Աննա Վարդապետյանը՝ կարևորելով միջոցառումը, նշեց, որ ռազմավարության մշակման ընթացքում ամենակարևոր փուլը դրա կիրառումն ու կոռուպցիոն մտածողության վերացումն է: «Այս փուլում, երբ մենք խոսում ենք նոր ռազմավարության ներդրման մասին, ուրախ եմ կրկնել, որ նոր ռազմավորությունն ամբողջությամբ մշակվել է քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և այն կոնսենսուալ փաստաթուղթ դարձավ: Ուրախ եմ, որ գործընթացում ինտեգրվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ քաղաքացիների հետ շփման առաջնագիծն ու անկյունաքարը հենց ՏԻՄ-ն է»,-ասաց նախարարի տեղակալը:
«Երբ մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, շատ ժամանակ մենք խոսում ենք ընկալումների մասին և հայկական իրականությունն այնպիսին է, որ բոլոր այս տարիներին մենք տեղական իշխանություններին վերաբերվել ենք վերջին մեղավորի կարգավիճակում: Սա նաև որոշակի քաղաքական մոտիվացիաների արդյունքն է, երբ միշտ բանավեճ կա կենտրոնական իշխանությունների և տեղական իշխանություների միջև՝ լիազորություններ տալ-չտալու մասին և ձևական կերպով կենտրոնական իշխանությունները լիազորություններ չտալը հիմնավորում է այդ որոշակի ռիսկերով և այլն»,- ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ նշելով, որ ՏԻՄ-երին այս ոլորտում առավել մեծ դերակատարում պետք է տալ:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ նշեց, որ երբ առաջարկ է ստացել Էջմիածնում նման միջոցառում անցկացնել՝ ուրախությամբ համաձայնել է, քանի որ կոռուպցիայի բացառումը պետության կարևոր հանձնառություններից է, որը պետք է բոլոր մակարդակներում պատվով իրագործել: «Մեր համայնքի մասով կարող եմ հավատացնել, որ մինչ այժմ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իսկապես, չգողանալու և կոռուպցիայի դեմ պայքար մղելու գործում քաղաքական կամքի առկայությունն ամենակարևոր բաղադրիչներից է, եթե ոչ՝ ամենակարևորը, որն էլ թույլ է տալիս հաջողություն գրանցել այս ոլորտում»,-նշեց Էջմիածնի քաղաքապետը:
ՏԻՄ-երում կոռուպցիոն ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի ներդրման հնարավորությունների մասին խոսեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի արդարադատության և հարակից ոլորտների համակարգող Արտյոմ Մեսրոպյանը:
Տեղական և տարածքային մակարդակով կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի ապահովման հետ կապված ԵԽ մեխանիզմների մասին խոսեց Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ Մարատ Ատովմյանը:
ՏԻՄ-երում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Նարեկ Ենոքյանը:
Հավելենք նաև, որ միջոցառմանը մասնակցնում էին ոչ միայն Էջմիածնի, այլև Երևանի ավագանու անդամներ, ինչպեսև Հայաստանի շուրջ 20 համայնքների ղեկավարներ:
Նշենք, որ քննարկման ժամանակ հնչած առաջարկություններն ու կարծիքները առաջարկությունների փաթեթի տեսքով կներկայացվեն արդարադատության նախարարությանը: