Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացված հայտարարագրերը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերի հասկացությունը, տեսակները, ստուգման փուլերը, ՀՀ օրենսդրական կարգավորումները և բացերը՝ միջազգային լավագույն փորձի ներքո:

Դասը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը։

Հայտարարագրերն ունեն երկու հիմնական նպատակ՝ բացահայտել ապօրինի հարստացման և շահերի բախման դեպքերը։ Հայտարարագրերը գործող օրենսդրության համաձայն ներկայացվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որոնք հրապարակվում են վերջինիս պաշտոնական կայքում՝ www.ethics.am-ում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորմամբ  վերջինս կդառնա հայտարարագրերի ռեեստր վարող մարմինը։

Մարիամ Զադոյանը ներկայացրեց, որ թեև Հայաստանում հայտարարագիր ներկայացնում են միայն պաշտոնը ստանձնելիս, դադարեցնելիս և տարեկան, սակայն միջազգային պրակտիկայում կան նաև այլ հայտարարագրերի տեսակներ, օրինակ՝ ըստ պահանջի հայտարարագրեր, հայտարարագիր՝ դրանում էական փոփոխություն կատարելու մասին և այլն։

Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ հայտարարագրերի ռեեստր վարող մարմինը հայտարարագրերի ստուգումն արդյունավետ իրականացնելու նպատակով կատարի հետևյալ 4 փուլերն էլ։

1.Հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանման ստուգում,

2.Հայտարարագրերի լրացման ձևի պահանջների պահպանման ստուգում,

3.Հավաստիության ստուգում,

4․Ֆինանսական ստուգում։

Բացի այդ, փորձագետի խոսքով՝ օրենքի բացերի թվին է պատկանում այն, որ ով ոչ ակտիվ հանդիսացող ծախսերը չեն հայտարարագրվում, այսինքն թանկարժեք ավիատոմսերը, հյուրանոցների վարձավճարները և այլն, ուստի հնարավոր չի լինում վերլուծել դրամական միջոցների ներհոսքն ու արտահոսքը և կատարել եզրակացություններ։

Կարևոր է, որ շարունակաբար բոլոր պաշտոնատար անձանց կարողանանք բերել օրենքի դաշտ, քանի որ հիմա էլ քան մի շարք մեծահարուստ պաշտոնյաներ, որոնք դեռևս չունեն հայտարարագրման պարտականություն։

Մեկ այլ խնդիր է այն,որ հրապարակման ենթակա տեղեկատվությունը խիստ սահմանափակ է։

Տեսական մասը զուգորդված է պրակտիկ առաջադրանքի կատարումով, որը միտված էր ունկնդիրներին սովորեցնել վերլուծել հայտարարագրեր։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է  Իրավաբան.net  անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել