25 տարի առաջ կատարված սպանության գործը կարող է վերաբացվել

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել և քննության առել զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը:

Բողոքը ներկայացվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

Էդուարդ Պողոսյանը 2018 թվականի հուլիսին ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ներկայացրել, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է:

«Հեղափոխությունից հետո ես վիզուալ փոփոխություններ տեսա: Իմ և ընտանիքիս մեջ հույս առաջացավ, որ այս գործը կարող է ճիշտ հունով գնալ: Հորս սպանել է Հրանտ Գրիգորյանը, և դա կանխամտածված սպանություն է եղել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Պողոսյանը:

Էդուարդ Պողոսյանը պատահական գտել է պաշտպանության նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի ստորագրությամբ 1993թ. մարտի 13-ի ամսաթվով տեղեկանք առ այն, որ նրա հայրը զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

«Կարելի է զավեշտի վերածել, թե 1 տարի առաջ կանխատեսվել է Մհեր Պողոսյանի մահը կամ այնտեղ սխալ է տեղի ունեցել: Այնուամենայնիվ, սա չի համապատասխանում փաստական այն տվյալներին, որ Էջմիածնում է սպանվել՝ կյանքի հետ անհամատեղելի վասվածքներից: Քրեական գործը հարուցվել է 1 օր անց, ապրիլի 17-ին՝ ծանրացուցիչ հանգամանքներով դիտավորյալ սպանության հոդվածով: Այնուհետև, ընդամենը 9 օր անց վերավորակվում է և դառնում է զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան: Այս կետը նախատեսում է 1-10 տարի ազատազրկում, դատարանը տվել է ամենամեղմ՝՝ 1 տարի ազատազրկում, և նա մի քանի ամիս հետո վաղաժամկետ ազատ է արձակվել: Մենք կարծում ենք, որ օրինական պատասխանատվություն Հրանտ Գրիգորյանի համար, չի հետևել»,-նշում է Էդուարդ Պողոսյանի շահերի պաշտպան Զարուհի Մեջլումյանը:

Էդուարդ Պողոսյանը պնդում է, որ ճնշում է եղել ինչպես իրենց ընտանիքի, այնպես էլ գործով դատավորի վրա:

«Իմ ընտանիքին վախեցրել են: Ես այսօր խոսում էի եղբորս հետ, որը ինձ հիշեցրեց, որ պապին մի անգամ գնացել էր դատավորի հետ խոսեր, դատավորը ասել էր՝ Վլադիմիր Զախարիչ, հուսով եմ հասկանում եք, որ ես էլ երեխաներ ունեմ: Իրանք իրանց ուզած ձևով այս գործը փակեցին: Սպառնալիքները եղել են տիպիկ իրենց «մաներայով»: Տարբեր մարդիկ էին գալիս պապիկի հետ խոսելու, ու վերջին կետը եղավ Մանվել Գրիգորյանը այցը մեր տուն: Հասկանալով, որ չի կարողանում հասնել իր ուզածին, արտահայտություն է արել, ես դա հիշում եմ, դուռը բացելուց, դուրս գնալուց առաջ ասաց՝ Զախարիչ, լավ մտածի, դու թոռներ ունես, նենց մի արա, որ ձեր Պողոսյաններին առանց որձ թողնեմ»,-պատմում է Էդուարդ Պողոսյանը:

Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը սակայն կարծում է, որ նոր երևան եկած հանգամանքի մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Նոր երևան եկած հանգամանք գոյություն չունի: Վերաքննիչ բողոքում նշված հիմնավորումներում չկա, նշում այնպիսի հանգամանքի մասին, որը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել: Նշված է, որ կատարվել է մակերեսային քննություն, ինչ-որ տեղեկանք է ձեռք բերվել, որ Մհեր Պողոսյանը ոչ թե զոհվել Հրանտ Գրիգորյանի զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով… Նախ, քրեական գործը ոչնչացված է: եղած փաստաթղթերի համաձայն՝ պահպանվել է 4 դատավարական փաստաթուղթ, որից հնարավոր չէ հետևություն անել, որ կատարվել է մակերեսային քննություն: Իսկ տրված տեղեկանքը որևէ ազդեցություն չունի և չի էլ կարող ունենալ դատական ակտի վրա»,- նշում է Հովսեփ Սարգսյանը:

Փաստաբանը նշում է, որ Նորիկ Կարապետյանը և Գրիգոր Գրիգորյանը այն մարդիկ են, որոնք վեճի են բռնվել մահացած Մհեր Պողոսյանի հետ, իսկ Հրանտ Գրիգորյանը մինչև նրանց հանդիպումը վերջինիս չի էլ ճանաչել:

«Հետևաբար, չկար որևէ շարժառիթ, որ Հրատ Գրիգորյանը դիտավորությամբ սպաներ Մհեր Պողոսյանին: Հետագա զարգացումներն էլ ցույց են տալիս՝ նրանց միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ արարքը վերավորակվել է ոչ թե մի քանի օրում, այլ 7 ամիս հետո»,-նշեց Հովսեփ Սարգսյանը և հավելեց, որ Հրանտ Գրիգորյանը ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և ներկայացրել է ատրճանակը:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել