ԲԴԽ անդամի թեկնածու դառնալ հավակնող 11 դատավորի գույքը և եկամուտները

Հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովին քննարկվելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը: Ներկայացնում ենք ԲԴԽ անդամի 11 թեկնածուների վերջին՝ 2018 թվականին ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

1. Դավիթ Բալայանը ներկայումս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: 2018-ի ավարտին նրա դրամական միջոցները կազմել են շուրջ 12,5 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ շուրջ 8,5 միլիոն դրամ, որից 8 միլիոնը եղել է աշխատավարձը, իսկ 450 հազար դրամին համարժեք «բնամթերքի» աղբյուրը հստակեցված չէ, նշված է «այլ եկամուտներ» տողում:

Նրա կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, 2018-ի ավարտին հայտարարագրել է խնայողություններ՝ 2,2 միլիոն դրամ, 4700 դոլար, 1600 եվրո, 12 000 ռուբլի: Նրա եկամուտը կազմել է 2,97 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:

Նշենք, որ 2015 թվականին Դավիթ Բալայանը երբ ստանձնել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագաի պաշտոնը, այդ պահին հայտարարագրել է՝

  • 1 բնակարան՝ բազմաբնակարանային շենքում,
  • 2 առանձնատուն,
  • 1 հողամաս,
  • MAZDA 6 2.0 ավտոմեքենա,
  • 6,8 միլիոն դրամ խնայողություն,
  • շուրջ 8,7 միլիոն դրամ եկամուտ, որից 8.5 միլիոնը եղել է աշխատավարձը, իսկ 220 հազար դրամին համարժեք «բնամթերքի» աղբյուրը հստակեցված չէ, նշված է «այլ եկամուտներ» տողում:

2. Անահիտ Թումանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Նա 2008-ի ավարտին հայտարարագրել է 15,5 միլիոն դրամական միջոցներ և 8,1 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

Իսկ նրա ամուսինը՝ Գարիկ Յավրումյանը, նույն տարվա ավարտին ունեցել է 2,5 միլիոն դրամ դրամական միջոցներ և 1,15 միլիոն դրամ՝ աշխատավարձից ստացված եկամուտ:

3. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը 2018-ի վերջին ունեցել է 9 միլիոն դրամ խնայողություն և 8 միլիոն դրամ աշխատավարձից ստացված եկամուտ: Իսկ կինը՝ Լիանա Հաջիկյանը նույն տարում հայտարարագրել է միայն 1,44 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

Նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ դատավոր Խալաթյանը բավականին մատչելի գներով անշարժ գույքեր է ձեռք բերել՝  2017-ին 481 280 դրամով անհատական բնակելի տուն, իսկ 2015-ին՝ 600 հազար դրամով հողամաս:

4. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և նախագահ Գագիկ Հովհաննիսյանը 2018-ի վերջին հայտարարագրել է 3 միլիոն դրամ և 27 000 դոլար դրամական միջոցներ և 9,7 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից: Իսկ կինը՝ Արփինե Հովհաննիսյանը՝ 3,7 միլիոն դրամ և 3700 դոլար խնայողություն և 394 հազար դրամ աշխատավարձից ստացված եկամուտ:

2014-ին  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է՝

  • 3 բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 1 հասարակական նշանակության շինություն,
  • 10 միլիոն դրամ և 40 000 դոլար խնայողություն,
  • 8,5 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
  • 85 000 դոլար եկամուտ՝ վերցված փոխառությունից:

Նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ այս դատավորը նույնպես բավականին մատչելի գնով անշարժ գույքեր է ձեռքբերել. մասնավորապես 2016-ին շուրջ 90 հազար դրամով հողամաս և 120 հազար դրամով կառույց է ձեռքբերվել Գագիկ Հովհաննիսյանի կողմից: Հետաքրքրական է այն, որ լիովին նույն կերպով գույքերի ձեռքբերում է հայտարարագրված նաև նրա կնոջ նույն տարվա հայտարարագրում: Եվ անհասկանալի է, թե արդյո՞ք ամուսինները 2 նմանատիպ հողամասեր ու կառույցներ են գնել, թե շփոթմունք է եղել:

5. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը 2018-ի ավարտին հայտարարագրել է 12,5 միլիոն դրամ և 5000 դոլար խնայողություն, 5 միլիոն դրամ՝ փոխառությամբ հանձնված գումար, 8,18 միլիոն դրամ եկամուտ, որից 436,5 հազար դրամը ստացվել է փոխառության դիմաց տրվող տոկոսագումարից, իսկ մնացյալը՝ աշխատավարձից:

Նրա ամուսինը՝ Արտակ Ոսկանյանը 2018-ի վերջին հայտարարագրել է 8 միլիոն դրամ և 3000 դոլար խնայողություն և 4,4 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված ձեռնարկատիրական գործունեությունից:

6. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը 2018-ին վերանշանակվել և ստանձնել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը և այդ պահին հայտարարագրել է՝

  • 1 առանձնատուն,
  • 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 1 հողամաս,
  • 17.1 միլիոն դրամի եկամուտ, որից 7,5 միլիոն դրամը ստացել է փոխառությամբ, մնացյալը՝ աշխատավարձից:

Նրա ամուսնու՝ Դավիթ Հովսեփյանի, 2018 թվականի տարեկան հայտարարագրում միայն նշված է 1,28 միլիոն դրամի եկամուտը՝ ստացված կենսաթոշակից:

Նրա որդին՝ Պավել Թադևոսյանը հայտարարագրել է 1,22 միլիոն դրամ աշխատավարձից ստացված եկամուտ, 6800 եվրո՝ վարձակալության դիմաց տրված գումարից եկամուտ և «այլ եկամուտ»՝ 5000 դոլար: Իսկ մյուս որդին՝ Հայկ Թադևոսյանը հայտարարագրել է միայն շուրջ 477 000 դրամ աշխատավարձից ստացված եկամուտ:

Նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Սիմիզար Հովսեփյանը 2016 թվականին փոխառությամբ 5 միլիոն դրամ է հանձնել, իսկ մյուս տարիների հայտարարագրերում այս գումարի վերաբերյալ նշումներն ուղղակի բացակայում են և հասկանալի չէ, թե արդյո՞ք այն վերադարձվել է դատավորին, թե՝ ոչ, կամ արդյո՞ք դրա դիմաց տոկոսագումարներ ստացվել են:

Նրա ամուսինը 2016-ին բեռնատար SAMAND CNG 1.8 մեքենա է օտարել 180 հազար դրամով, որը նախորդ տարի է ձեռքբերած եղել 190 հազար դրամով:

Նրանց որդի Պավելը 2016 թվականին 1 միլիոն ռուսական ռուբլով (շուրջ 17 000 դոլար) ձեռք է բերել RANGE ROVER SPORT 5.0 մեքենա: Նույն տարում նա որպես եկամտի աղբյուր է նշել գույքի օտարումից ստացված 3 միլիոն դրամը, սակայն հայտարարագրում չի լրացվել, թե ինչ գույք է օտարվել:

Իսկ 2012-ին նա 8000 դոլար է նվիրատվությամբ ստացել:

7. Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը 2018-ի ավարտին հայտարարագրել է 300 000 դոլար խնայողություն և 19,3 միլիոն դրամի եկամուտ, որից 11,5 միլիոնի աղբյուրն անհայտ է՝ նշված է «այլ եկամուտ» տողում, իսկ մնացյալը ստացվել է աշխատավարձից:

Նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանն այս նույն տարում հայտարարագրել է միայն 21,5 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

Նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ դատավորը 2017-ին մատչելի գնով՝ 100 հազար դրամով օտարել է LEXUS LX 470 ավտոմեքենան: Այս նույն մեքենան նա ձեռք է բերել 2011 թվականին՝ 10 միլիոն դրամով:

8. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը 2018-ի ավարտին հայտարարագրել է՝

  • 44,6 միլիոն դրամ և 32 000 դոլար խնայողություն,
  • 54 միլիոն դրամ՝ խնայողությամբ հանձնված գումար,
  • 138 միլիոն դրամի եկամուտ, որից 100,8 միլիոն դրամը ստացվել է գույքի օտարումից, 8,2 միլիոնը՝ աշխատավարձից, 29 միլիոնը՝ ստացած փոխառությունից,
  • 14 000 և 7 278 դոլար նվիրատվություններից ստացված եկամուտ:

Նշենք, որ 2018-ին դատավորը ձեռք է բերել 2 ավտոտնակ՝  2,43 միլիոն դրամով և օտարել է բնակարանը 100,8 միլիոն դրամով:

Նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ դատավորը՝

  • 2017-ին օտարել է SUZUKI SX4 1.6 ավտոմեքենան՝ 3,57 միլիոն դրամով: 15 հազար դոլարի նվիրատվություն է ստացել:
  • 2016-ին 15 միլիոն դրամով գույք է օտարել, սակայն չի նշվում, թե ինչ գույքի մասին է խոսքը:
  • 2014-ին օտարել է բնակարան՝ 42,7 միլիոն դրամով:
  • 2013-ին նվիրատվությամբ ստացել է 2000 դոլար:
  • 2012-ին նվիրատվությամբ ստացել է 5200 դոլար:
  • 2011-ին նվիրատվությամբ ստացել է 39 800 դոլար և 48 400 դոլար: Այս տարի նա ձեռք է բերել SUZUKI SX4 մեքենա՝ 8,5 միլիոն դրամով, 2 բնակարան՝ շուրջ 104 միլիոն և 57 միլիոն դրամ արժողությամբ:

Այս տարիների ընթացքում նա նաև մի քանի տասնյակ միլիոնի հասնող եկամուտներ է հայտարարագրել, որոնց ծագման աղբյուրը հստակ չէ և դրանք նշված են «այլ եկամուտներ» տողում:

Նրա կինը՝ Սյուզաննա Մակյանը, 2018-ին հայտարարագրել է 4,3 միլիոն դրամի եկամուտ, որից շուրջ 3 միլիոնը ստացվել է աշխատավարձից, իսկ մնացյալ մասի աղբյուրը հստակեցված չէ: Այս տարվա ընթցքում նա ձեռք է բերել MINI COOPER COUNTRYMAN ավտոմեքենա ՝ 7,7 միլիոն դրամով:

9. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը 2018-ի ավարտին հայտարարագրել է 4 միլիոն դրամ և 90 հազար դոլար խնայողություն և 9,9 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից: Իսկ նրա կինը՝ Աղավնի Կարախանյանը, որևէ եկամուտ չի հայտարարագրել, իսկ դրամական միջոցները կազմել են 4 000 եվրո և 2000 դոլար:

Նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ 2015 թվականին նրա կինը ձեռք է բերել բնակարան՝ 36 000 դոլարի դիմաց:

10. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այս պաշտոնը 2018-ին ստանձնելու պահին հայտարարագրել է՝

  • 1 առանձնատուն,
  • 2 բնակարան,
  • AUDI Q7 3.0 TD ավտոմեքենա,
  • 3 միլիոն դրամ և 47 500 դոլար խնայողություն:

Այս տարվա ավարտին նրա եկամտի չափը կազմել է շուրջ 9 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:

Նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2011-2016 թվականներին փոխառությամբ գումար է հանձնել (50 հազար դոլար) և եկամուտ է ստացել դրանց տոկոսագումարներից: Նա՝

  • 2015-ին օտարել է  VAZ 21102 և AUDI Q7 3.6 ավտոմեքենաները՝ 4 միլիոն և 19 միլիոն դրամի դիմաց և նույն տարում ձեռք է բերել AUDI Q7 3.0L մեքենան՝ 39,8 միլիոն դրամով:
  • 2014-ին դատավորը 55,8 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան՝ բազմաբնակարան շենքում:
  • 2012-ին նա ձեռք է բերել բնակարան՝ 45,7 միլիոն դրամով և այգետնակ՝ 27,6 միլիոն դրամով: Այս նույն տարվա եկամուտների մեջ բնակարանի և այգետնակի միևնույն արժեքով նվիրատվություններ են նշված. հավանաբար կամ հենց այս անշարժ գույքերն են նվիրատվություն արվել կամ նվիրված գումարով գույքն է ձեռքբերվել:

11. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը 2018-ի ավարտին 4,2 միլիոն դրամ խնայողություն և 12,8 միլիոն դրամ եկամուտ, որից 4 միլիոն դրամը ստացած վարկն է, իսկ մնացյալը՝ աշխատավարձը: Իսկ նրա ամուսինը՝ Համլետ Մարգարյանը, հայտարարագրել է 3,8 միլիոն դրամ խնայողություն և 2,6 միլիոն դրամ եկամուտ, որի աղբյուրը հստակեցված չէ:

Նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Համլետ Մարգարյանը 2016-ին օտարել է OPEL VECTRA 2.0 I ավտոմեքենան՝ 500 հազար դրամով, իսկ 2014-ին նա ձեռք է բերել OPEL VECTRA B 2.0 մեքենան 1,4 միլիոն դրամով: 2013-ին նա 2 միլիոն դրամով գույք է օտարել, սակայն նշված չէ, թե ինչ գույք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել