Գագիկ Հարությունյանը շուրջ 29 տարի պաշտոնավարել է Հայաստանի անկախության ժամանակաշրջանում: Մինչ վերջերս նա զբաղեցնում էր բարձրագույն դատական խորհրդի նախագահի, իսկ մինչ այդ էլ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը:
Նա 1990 թվականին ստանձնել է Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնը, 1991-ին նշանակվել է ՀՀ փոխնախագահ:
Մասնագիտությամբ տնտեսագետ Գագիկ Հարությունյանը 1996-ի փետրվարի 6-ին Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ։ Պարզվում է` այդ ժամանակ սահմանադրական դատարանի անդամի համար իրավաբան լինելը պարտադիր պայման չէր:
1995 թվականի դեկտեմբերի 8-ին այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 3-րդ հոդվածում ՍԴ անդամին առաջադրվող պահանջների վերաբերյալ նշված էր.
«Սահմանադրական դատարանի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, պետական մարմիններում կամ գիտական հաստատություններում իրավունքի ասպարեզի աշխատանքի փորձ, բարոյական բարձր հատկանիշներ և տիրապետում է հայերեն լեզվին»:
Փաստորեն 1995 թվականին միայն իրավունքի ասպարեզում փորձ ունենալը բավարար էր ՍԴ անդամ և ՍԴ նախագահ լինելու համար:
Սակայն հետագայում՝ 2006 թվականի հունիսի 24-ին արդեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված նույն օրենքի նույն հոդվածում կատարված փոփոխություններով ՍԴ անդամին առաջադրված պահանջները որոշակիորեն խստացվել են.
«Սահմանադրական դատարանի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացին, որը չունի այլ պետության քաղաքացիություն, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան, ինչպես նաև իրավունքի ասպարեզում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին»:
Այս դեպքում պայման էր ավելացվել իրավաբանական կրթությունը, որը սակայն իմպերատիվ չէր և իրավաբանական կրթությանը համարժեք պայման էր սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունենալը:
Գագիկ Հարությունյանն այս ժամանակ արդեն իսկ ուներ գիտական աստիճան՝ սահմանադրական ոլորտում. 1999-ի մարտին պաշտպանել էր դոկտորական ատենախոսությունը՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով։
Իսկ արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածում պահանջներն էականորեն տարբերվում են.
«Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:
2018 թվականին մարտի 23-ին 70 տարեկանը լրանալու հիմքով Գագիկ Հարությունյանի, որպես ՍԴ անդամ, պաշտոնավարումը դադարեցվում էր: Եվ պարտադիր պայման սահմանվեց կրթությամբ իրավաբան լինելը:
Հատկանշական է, որ մյուս դատարաններում դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար կրթությամբ իրավաբան լինելը պարտադիր պայման է եղել և շարունակում է մնալ:
Այսպես, դեռևս 1995 թվականի նոյեմբերի 26-ին ուժի մեջ մտած «Արդարադատության խորհրդի մասին» օրենքի 13-րդ հոդվածում դատավորների պիտանելիության ցուցակների վերաբերյալ նշվում է. «Պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվում են`1) դատարանների այն դատավորները, ովքեր մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշներով համապատասխանում են զբաղեցրած պաշտոնին, 2) բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ և կարող են աշխատել որպես դատավոր»:
Ներկայումս այս օրենքը չի գործում: Սակայն դատավորի թեկնածուին առաջադրվող պահանջներն այժմ սահմանվում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածով, որի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով»: