Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարաություն է տարածել. «Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի մի շարք անդամների առաջարկությամբ գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցերի՝ Ազգային ժողովի կողմից հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և ՀՀ վարչապետի 2019 թ.-ի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու …» N 808-Ն որոշման վերաբերյալ Կոալիցիան հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կոալիցիայի կառավարման խորհուրդը անընդունելի է համարում այն, որ Ազգային ժողովը, հաշվի չառնելով Կոալիցիայի կողմից Օրենքի նախագծի վերաբերյալ 25.06.2019թ.-ին արտահայտված մտահոգությունները, նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունել է Օրենքի նախագիծը։ Կոալիցիայի կառավարման խորհուրդը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ՝
- Մշակում. Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում, ինչը չի արտացոլում Թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման սկզբունքները։
- Բովանդակություն. Օրենքի նախագծով առաջարկվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողովի) անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները ոտնահարում են հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի սկզբունքները և կարող են որակվել որպես մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ կարգավորումներ և մեկ քայլ հետ, իսկ Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները չեն ապահովում անկախության, ինքնիշխանության և պրոֆեսիոնալիզմի մի շարք երաշխիքներ, որի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ այդ պահանջները հարմարեցված են կոնկրետ անձանց համար, և նրանց նշանակման գործընթացը կուղղորդվի բացառապես հայեցողական որոշումներով։
- Հիմնավորում. Օրենքի նախագիծը չի ենթարկվել փորձաքննության, և բացակայում են փաստաթղթի ընդունման պարտադիր պայման հանդիսացող կից հիմնավորումները՝ իրենց բոլոր բաղադրիչներով հանդերձ։ Ի լրումն՝
- Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանի կողմից հունիսի 25-ին Ազգային ժողովում Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), կողմից տրված հանձնարարականներով առաջնորդված լինելու հիմնավորումները չեն համապատասխանում իրականությանը,
- Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ և նախկին աշխատող Հերիքնազ Տիգրանյանի կողմից լրատվական կայքին տրված հարցազրույցում ներկայացված այն հիմնավորումները, թե դրանով կապահովվի Հայաստանում ինքնավար մարմինների ձևավորման գործընթացի միասնական մոտեցում, հակասում է Սահմանադրությունը,
Նշենք նաև, որ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում թույլ է տրվել ապատեղեկատվություն՝ որն է. Օրենքի նախագծի վերաբերյալ Կոալիցիայի կառավարման խորհրդի 25.06.2019թ.-ի հայտարարությամբ արտահայտված մտահոգությունները պայմանավորելով Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) «կենցաղային» շահերով առաջնորդված լինելու հետ։
Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Կոալիցիայի կողմից համապատասխան գրություններ են ներկայացվել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարներին և 7-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերի ղեկավարներին, միջազգային կառույցներին և հորդորում ենք հետ կանչել Նախագիծը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը գտնվում են հանրային քննարկման փուլում, և դեռևս վերջնական որոշում հակակոռուպցիոն մարմնի մոդելի որդեգրման վերաբերյալ ընդունված չէ։
Սույն առաջարկը չընդունելու դեպքում միայն, հորդորում ենք Ազգային Ժողովի նախագահին՝ մինչև Օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը.
- ներկայացնել Նախագծի փորձաքննության արդյունքները՝ հիմնավորումը՝ օրենքով նախատեսված բոլոր բաղադրիչներով,
- հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ Օրենքի նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու նպատակով,
- Ազգային ժողովի նիստի ընթացքում հերքել ԻՀԱ-ի վերաբերյալ ներկայացված ապատեղեկատվությունը,
- ստեղծել ԱԺ-ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային խումբ՝ հակակոռուպցիոն մարմնի հայկական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման համար։
ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից էլեկտրոնային փոստով ԻՀԱ-ին ուղարկվել է Որոշման նախագիծը, որով, առանց որևէ հիմնավորվման, նվազեցվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրականացման հարցում ՔՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների և ընդդիմադիր խմբակցությունները դերը, քանի որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի, (այսուհետ՝ նաև Խորհուրդ), կազմից դուրս են մնացել Հանրային խորհուրդը, Կոալիցիան, Հայաստանի Համայնքների Միությունը և ընդդիմադիր խմբակցությունները։
Որոշման վերաբերյալ ԻՀԱ-ն՝ որպես Կոալիցիայի քարտուղարություն, հունիսի 3-ին ներկայացրել է ԻՀԱ-ի և Կոալիցիայի կարծիքն ու առաջարկություններ։ Այնուհետև, հունիսի 17-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն ուղարկել է Որոշման նախագծի լրամշակված տարբերակը, որում կատարվել են սակավաթիվ լրամշակումներ, սակայն չի տրամադրել տեղեկատվություն առ այն, թե ԻՀԱ-ի և Կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկներից քանի՞սն է ընդունվել, քանի՞սն է մասամբ ընդունվել, քանի՞սն է մերժվել և որո՞նք են մասամբ ընդունելու և մերժելու հիմնավորումները։ Բացի այդ, բացակայել է տեղեկատվություն առ այն, թե արդյո՞ք Որոշման նախագծի վերաբերյալ այլ կազմակերպություններ ներկայացրել են առաջարկներ, թե՝ ոչ, և որո՞նք են դրանք։ Ի պատասխան՝ ԻՀԱ-ն 19.06.2019թ․-ին ներկայացրել է ևս մեկ գրություն, որով խնդրել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել տեղեկություն նշյալ հարցերի վերաբերյալ։ Գրությամբ նաև նշվել է, որ մինչև բարձրացված հարցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից չտրամադրվեն պատշաճ պատասխաններ, ԻՀԱ-ն և Կոալիցիան նպատակահարմար չեն գտնում Որոշման նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ կարծիք ներկայացնել։ Արդյունքում, սույն թվականի հունիսի 24-ին Որոշումն ընդունվել է ՀՀ վարչապետի կողմից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոալիցիան, իր ստեղծման՝ 2014 թվականից.
- հանդիսանում է կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարություն-ՔՀԿ կայուն երկխոսության ապահովման ամենամեծ դաշինքը, որը միավորում է շուրջ 100 ՔՀԿ-ների Երևանից և մարզերից,
- հանդիսանում է հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներից, որը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոալիցիայի կողմից ճանաչվել է հակակոռուպցիոն պայքարի հիմնական դերակատարներից,
- կանգնած է եղել Հայաստանում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում և հանդիսացել է Խորհրդի բնականոն գործունեության շարժիչ ուժը, մասնավորապես, Կոալիցիան Հայաստանում Խորհրդի խողովակով նախաձեռնել և նպաստել է այնպիսի կարևորագույն հակակոռուպցիոն ինստիտուտների ներդրմանը, ինչպիսիք են` Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի ստեղծումը և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ազդարարման ինստիտուտի ներդրումը, պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը և այլն,
գտնում է, որ որևէ կերպ հիմնավորված չէ Խորհրդի կազմից Կոալիցիային արհեստականորեն դուրս թողնելու մոտեցումը, ուստի Կոալիցիայի կառավարման խորհրդի ներքոշարադրյալ կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում 2019 թ.-ի հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերով մասնակցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ՔՀԿ-ների անդամության համար կազմակերպվող մրցույթին և առաջարկում է Կոալիցիայի անդամ մյուս ՔՀԿ-ներին ևս որդեգրել այդ մոտեցումը։
Չնայած սույն որոշմանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և դրա կառավարման խորհրդի անդամները, չանդամակցելով Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին, այսուհետ նույնպես կշարունակեն Կառավարությանը աջակցել հակակառուպցիոն քաղաքականությունների մշակման և բարելավման հարցերում` նպատակ ունենալով ապահովել կոռուպցիայից զերծ, ներդաշնակ և երջանիկ հասարակության կառուցումը Հայաստանի Հանրապետությունում:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ՝
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
- «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
- «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ
- Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
- Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
- Գյումրու «Կանթեղ» Իրավապաշտպան ՀԿ
- Հայաստանի համայնքների միություն
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
- «ՀՓՄՁՀԱ» ՀԿ
- «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ»,-նշված է հայտարարության մեջ: