Օգտագործված անվադողերի ներմուծման արգելք է սահմանված

Դեռևս 1995 թվականի դեկտեմբերի 08-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 97 որոշումը Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին: Նշված որոշմամբ արգելվել է.

ա) բոլոր տեսակի թափոնների ներմուծումը հանրապետություն` դրանց պահեստավորման և թաղման նպատակով.

բ) վտանգավոր հատկություններ ունեցող թափոնների և երկրորդային հումքի ներմուծումը` անկախ օգտագործման նպատակից:

Նույն որոշմամբ ՀՀ կառավարությունը թափոնների և երկրորդային հումքի ներմուծումը հանրապետություն թույլատրել է միայն դրանց ուղղակի կամ վերամշակումից հետո օգտագործելու նպատակով: Նշված որոշմամբ ՀՀ կառավարությունը նաև հաստատել է Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, հանրապետությունից արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վերահսկողության կարգը:

ՀՀ կառավարության 08.07.2004թ. թիվ 1093-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 08.12.1995թ. որոշման մեջ կատարվել է փոփոխություն և այդ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկը: Նշված ցանկում որպես արգելված վտանգավոր թափոններ նշված են ռետինի թափոնները և կտորտանքները, օգտագործված ռետինատեխնիկական իրերը,
հին դողերը, մաշված կամերաները (անվադողերի), պինդ ռետինի թափոնները:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված են նաև այնպիսի թափոններ, ինչպիսին են մկնդեղը, մկնդեղի միացությունները, սնդիկը, սնդիկի միացությունները (բացառությամբ սնդիկային լամպերի, լյումինեսցենտային փողերի), օգտագործված հանքային յուղերը և այլն:

ՀՀ կառավարության 08.07.2004թ. թիվ 1093-Ն որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության առկայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել