Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են իրենց անվտանգությունն ապահովելու համար

Իրավաբան.net-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը:

Մեզ հայտնի է դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար: Ոստիկանությունն այժմ ապահովում է նրանց անվտանգությունը: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ին հաստատեցին նաև ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը Դավիթ Գրիգորյանը բավարարել է մայիսի 18-ին և պաշտոնաթող նախագահն ազատ էր արձակվել:

Արմեն Դանիելյանի վարույթում այժմ գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործի վերաբերյալ գլխավոր դատախազությանը բողոքարկման քննությունը՝ մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման վերաբերյալ: Դատավորն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ:

     Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել