Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի զարգացման փուլերը և պայքարի մեթոդները:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի զարգացման 3 փուլերը.
- Փուլ 1 (1989-1995թթ.) տաբուների վերացում,
- Փուլ 2 (1996-2003թթ.) միջազգային ստանդարտների ընդունում,
- Փուլ 3 (2003 թ.-ից սկսած) միջազգային նորմերի կիրառումը ազգային մակարդակով:
Մարատ Ատովմյանի խոսքով՝ կոռոիպցիայի դեմ պայքարում կարևոր դեր ունի քաղաքական կամքը, օրենսդրության կատարելագործումը, իրազեկվածության բարձրացումը, սոցիալական վիճակի բարելավումը և մի շարք այլ գործոններ:
«Արդեն արված կարևոր քայլերից մեկը ապօրինի հարստացման քրեականացումն էր, ինչպես նաև ազդարարման համակարգի ստեղծումը: Համակարգային բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունի նաև azdarar.am կայքի միջոցով հաղորդում տվող անձանց պաշտպանությունը, հակակոռուպցիոն կրթությունը և հասարակության մեջ հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորումը»,-նշեց բանախոսը:
Մարատ Ատովմյանը առանձնացրեց նաև հակակոռուպցիոն մայքարի 7 մեթոդ.
- Պատմական մեթոդներ,
- Քրեաիրավական մեթոդ,
- Վարչաիրավական մեթոդ,
- Քաղաքացիաիրավական մեթոդ,
- Կարգապահական մեթոդ,
- Ներքին հսկողություն,
- Արտաքին/հասարակական հսկողություն:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: