Հունիսի 20-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության` Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը հանդիպեցին Լատվիայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոյի (ԿՆԱԲ-KNAB) Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման դեպարտամենտի ղեկավար Ռինարս Ռեյնիքսի, Բյուրոյի հակակոռուպցիոն կրթության ներկայացուցիչ Դեյվիս Սիրմայսի և հակակոռուպցիոն ռազմավարական վերլուծության դեպարտամենտի համակարգողի հետ։
Այցի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչներին ներկայացվեց Լատվայի Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոյի երեք ուղղությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն, հակակոռուպցիոն կանխարգելում և հակակոռուպցիոն կրթություն, ինչպես նաև երկրում կոռուպցիայի դեմ պայքարի այլ գործոններ։
Հատկանշական է, որ ոչ շատ վաղ անցյալում Բյուրոյում տեղի է ունեցել վերակազմավորում, որի արդյունքում Բյուրոն՝ իր գործունեության երեք ուղղություններին ավելացրել է նաև մեկը․ հակակոռուպցիոն ռազմավարական վերլուծությունը և այդ նպատակով իր կազմում ստեղծել է Ռազմավարությունների մշակման դեպարտամենտ (Department of Strategy)։ Հիշյալ դեպարտամենտը ունի չորս ենթաբաժին, որոնք իրականացնում են ռազմավարական վերլուծություն, քաղաքականությունների մշակում, տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցություն։
Կոալիցիայի ներկայացուցիչները հետաքրքրվեցին նաև Բյուրոյի անկախության ապահովման օրենսդրական երաշխիքների մասին, ի պատասխան որի պարոն Ռեյնիքսը հայտնեց, որ չնայած այն հանգամանքին, որ Բյուրոն գտնվում է Վարչապետի հսկողության ներքո, այդուհանդերձ Վարչապետի լիազորությունները շատ սահմանափակ են և դրանք հիմնականում ընդգրկում են Բյուրոյի կառուցվածքին ուղղված որոշ լիազորություններ։ Ավելին, հենց անկախության բարձր երաշխիքների ապահովման նպատակով, Բյուրոյի ղեկավարին ընտրում է Լատվիայի խորհրդարանը։ Եվ այս տեսանկյունից, թերևս, ուշագրավ է այն, որ Բյուրոյի գործող ղեկավարին ընտրել է Խորհրդարանը՝ 0 դեմ ձայնով։ Այսինքն, Բյուրոյի ղեկավարը կոնսենսուսի հիման վրա է ընտրվել։
Առանձնակի ուշադրության է արժանի նաև Բյուրոյի կողմից իրականացվող այն աշխատանքները, որոնք ուղղված կուսակցությունների ֆինանսավորմանը և դրանց գործունեության թափանցիկության ապահովմանը, վեթինգի իրականացմանը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նվիրատվությունների և փոխառությունների սահմանափակումներին։
Ամփոփելով՝ Բյուրոյի ներկայացուցիչները նշեցին, որ հանրությունը ինքը պետք է որոշի իր երկրին հարմար հակակոռուպցիոն մարմնի մոդելը՝ նկատի ունենալով ներքին առանձնահատկությունները, փորձն ու համատեքստը։ Սակայն, կարևոր է, որ հակակոռուպցիոն մարմինը լինի միասնական, տիրապետի իր գործունեության համար կարևոր տեղեկությունների և կախված չլինի որևէ ազդեցությունից կամ իրավական սահմանափակումներից, որը կարող է կասկածի տակ դնել մարմնի անկախությունը, կոռուպցիայի դեմ պայքարի միասնականությունը և արդյունավետ գործունեությունը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչները ևս ներկայացրեցին Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, այդ թվում կոալիցիայի հետևողականությունն ու ջանքերը Հայաստանում մեկ ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մասնագիտական մարմին ստեղծելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով։