Մեր մտահոգությունն ենք հայտնում կառավարություն-ՔՀԿ երկխոսության կայացման որոշ հարցերի մասին. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման ու իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության հետ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդի իրավիճակի կապակցությամբ: Դա բնութագրվում է մի քանի հիմնախնդիրներով, որոնք կարելի է համահավաք բնութագրել որպես խուսափողական ու զգուշավոր: Դրա հետևանքով խախտվում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության մասին ՀՀ ներկայիս իշխանությունների բազմաթիվ նախընտրական ու քաղաքական հայտարարությունները:

Կոալիցիայի կառավարման խորհուրդը, միաժամանակ, մտահոգությունն է հայտնում հասարակական կազմակերպությունների հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրության խտրականության, անկատարության, ինչպես նաև վիճահարույց դրույթների ուղղությամբ:

Մասնավորապես, առ այսօր ՀՀ-ում չկա և չի գործում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգ և ռազմավարություն», ինչը համահունչ կլիներ  կառավարության ծրագրի դրույթներին, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հանձնառություններին, ՀՀ նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նպատակներին:  

Նշվածը արտահայտվում է նաև՝ ինչպես 2016 թվականի դեկտեմբերին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ 2018 թ. հունվարի 1-ից գործողության մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի ոչ բարենպաստ կարգավորումներում: Ավելին, այդ մտահոգություններն էլ ավելի են մեծացել ներկայում ՀՀ ԱԺ-ում քննարկման փուլում գտնվող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնություններով:

Այսպես, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունելիս անտեսվեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բազմաթիվ կարծիքներ, ինչը հակասության մեջ է մտնում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՔՀԿ-ների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի գլխավոր նպատակի հետ, որն է` ՔՀԿ-ների բնականոն գործունեության և կայուն զարգացման ապահովումը։ Արդյունքում, ՔՀԿ սեկտորը հանդիպում է մի շարք դժվարությունների:  

Նախ, ամենագլխավոր հիմնախնդիրը կապված է ՀՀ հարկային օրենսգրքի անբարենպաստ իրավանորմերի հետ: Այսպես, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով հասարակական կազմակերպություններին թույլատրվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Սակայն, ՀՀ հարկային օրենսգիրքը ՔՀԿ-ներին դիտարկում է առևտրային կազմակերպությունների շարքում: Այդ կապակցությամբ մի շարք ՔՀԿ-ների կողմից ներկայացված առաջարկը` թույլատրել ՀԿ-ներին գործելու շրջանառության հարկի ռեժիմում, մերժվել է և առայժմ լուծում չի ստացել:

Ապա, ՀՀ հարկային օրենսգիրքը ՔՀԿ-ներին թույլ չի տալիս գործելու հարկային արտոնությունների ռեժիմում այնպես, ինչպես ՀՀ կենտրոնական բանկին, հայ Առաքելական եկեղեցուն և այլ կրոնական կազմակերպություններին ու ազգային օպերատորներին:

Ավելին, հստակ չեն ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում հարկային և ֆինանսական հաշվառման կարգավորումները, որոնք առաջացնում են լուրջ կոռուպցիոն ռիսկեր:

ՀՀ հարկային օրենսգրքում նույնպես չկան ՔՀԿ-ների հետ համագործակցության որեւէ հստակ իրավանորմ:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով  սահմանված մի շարք դրույթներ (ինչպես օրինակ՝ դրամաշնորհ, հաշվետվության ներկայացում, աուդիտի անցկացում) ոչ միայն չեն նպաստում ՔՀԿ-ների գործունեությանը, այլև լուրջ դժվարություններ են առաջացնում նրանց գործունեության կազմակերպման գործում:

Միաժամանակ, այդ օրենքով սահմանված է, որ հասարակական կազմակերպությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն … դատարանում…: Մինչդեռ նույն օրենքի հաջորդ իսկ հոդվածով այդ իրավունքը սահմանափակված է միայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներով: Նախ, այդ իրավանորմը խտրական է` կապված ոլորտային գործունեությունից և հակասում է ՀՀ սահմանադրությանը: Ավելին, այդ իրավանորմերը գործնական կյանքում փաստորեն չեն իրագործվում, քանզի դրանց իրացումը կապված է բազմաթիվ բյուրոկրատական քաշքշուկներով: Դա են փաստում ՔՀԿ-ների բազմաթիվ հանրային քննարկումները, ուսումնասիրություններն ու փաստացի գործունեությամբ հավաքագրված տեղեկատվությունը: Համաձայն դրանց ՀՀ քաղաքացիները մեծամասամբ անօգնական են իրենց սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: ՔՀԿ-ները չեն կարողանում նրանց շահերը ներկայացնել դատարաններում` ՀՀ օրենսդրության վերոհիշյալ սահմանափակումների պատճառով: Ավելին, ՀՀ տարբեր դատավարության օրենսգրքերով ՔՀԿ-ների շահառուների շահերը դատարանում ներկայացնելու համար պահանջվում են նոտարով հաստատված լիազորագրեր, ինչը լուրջ ֆինանսական բեռ է թե՛ շահառուների, եւ թե՛ ՔՀԿ-ների ու հատկապես այն ՔՀԿ-ների համար, որոնք ոչ մի ֆինանսավորում չունեն: Այդ խոչընդոտը համահունչ չէ նաև հետևյալ նպատակի կենսագործմանը` «ՔՀԿ-ների գործունեության արդյունավետության առավել կարևոր նախապայմաններից է դրանց ֆինանսական կայունության ապահովումը:»:

Իհարկե, հիշյալ խնդրի լուծման նպատակով որոշակի փոփոխություններ են նախատեսված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում, այդ թվում նաև՝ «ՀԿ-ների մասին» օրենքում, բայց դրանց ընդունման գործընթացը, թվում է, թե երկրորդ պլան է մղվել։   

Նշված հիմնախնդիրների հաղթահարման նպատակով կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը` քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության հետ համագործակցությամբ.

  • լրամշակել համապատասխան օրենսդրական ու նորմատիվ ակտերը, ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի մասնակցային դերի բարձրացում,
  • ՀՀ Հարկային օրենսգրքում ՔՀԿ-ների համար նախատեսել հարկային արտոնություններ գույքահարկի գծով,
  • ՔՀԿ-ներին օրենքով սահմանված կարգով իրավունք տալ գործելու շրջանառության հարկի ռեժիմում,
  • ՔՀԿ-ներին օրենքով սահմանված կարգով իրավունք տալ գործելու միկրոձեռնարկատիրության ռեժիմում,
  • ՀՀ հարկային օրենսգրքում կատարել այնպիսի փոփոխություններ ու լրացումներ, որոնցով կմեծանա ՔՀԿ-ների մասնակցային դերը հարկային ու մաքսային վարչարարության շրջանակներում,
  • Հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Վարչական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում, այդ թվում՝ «ՀԿ-ների մասին» օրենքում, նախատեսված փոփոխությունների և լրացումների քննարկման և ընդունման գործընթացը, որոնք ուղղված են ՀԿ-ների կողմից ազատորեն, առանց ոլորտային սահմանափակման, ներկայացնելու ու պաշտպանելու իր, իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերը դատարանում:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ունենալով նշված խնդիրների հաղթահարման հստակ տեսլական և հիմնավորումներ, պատրատակամ է այդ գործընթացներում ներդնել իր փորձագիտական ներուժն ու կազմակերպական կարողությունները:

14 հունիսի, 2019

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել