Մայիսի 23-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ Մաս 3-րդի (արդարադատություն, ազատություն և անվտանգություն) կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ:
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Տարիներ շարունակ մենք շատ լավ փաստաթղթեր ենք ունեցել, փորձել դրանք իրականացնել, կատարողականներ ցույց տալ, սակայն իրականում քաղաքացիներն իրենց վրա շատ քիչ փոփոխություններ են զգացել: Քանի որ Հայաստանն այսօր գտնվում է շատ կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում, այժմ մենք պետք է այս քննարկումներով, համատեքստին իրական իրադրությունից ելնելով, մատնանշենք այն խնդիրները, որոնք այսօր կարևոր են և հանրությունը սպասում է դրանց: Մշտապես պահելով մեր մշտադիտարկման ու գնահատման կենտրոնում՝ պետք է ՔՀԿ-ների աջակցությամբ փորձենք օժանդակել կառավարությանը՝ դրանք իրականացնելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորելով քննարկումը, նշեց, որ ՀՀ-ԵՄ հիմնարար պայմանագրի հաջող իրականացումը հնարավոր չի լինի կաատարել միայն ու միայն պետության ջանքերով: «Քաղաքացիական հասարակությունն այստեղ պետք է ունենա որոշիչ դերակատարում, ինչը նախատեսված է հենց պայմանագրով: Այն փուլից, երբ մենք կառավարությունում սկսեցինք մշակել այս համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, մենք հետամուտ եղանք նաև խորհրդակցություններ, քննարկումներ իրականացնել քաղհասարակության հետ: Հատկանշական է, որ հենց այդ քննարկումները սկսեցին հենց ՔՀԿ գործընկերների նախաձեռնությամբ, երբ դեռևս նախորդ ամռանը մենք ծավալուն փաթեթ ստացանք՝ մի քանի ՔՀԿ-ների կողմից մշակված առաջարկությունների փաթեթով»,-ասաց փոխնախարարը:
«Հայաստանի քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման շուրջ»,- այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: Նա նշեց, որ այս բարեփոխումների իրականացման համար ՀՀ-ն ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ, իսկ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ամուր հիմք է հանդիսանում դրա իրագործման համար:
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն էլ հույս հայտնեց, որ նման ձևաչափով քննարկումներն առավել հաճախակի կլինեն: Նա դատական և իրավական բարեփոխումների 2024 թ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման թեմայի շրջանակում ներկայացրեց իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հիմնական առաջնահերթությունները:
ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը խոսեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի ընդունման մասին: Իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման հիմնական առաջնահերթությունների մասին իրենց տեսակետները հայտնեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի ներկայացուցիչներ Ժաննա Ալեքսանյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արտակ Կիրակոսյանը, ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի 2019–2022թթ. ազգային ռազմավարության ընդունուը և դրա հիմնական առաջնահերթությունները ներկայացրին արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Շուշանիկ Ղուկասյանը և վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի աշխատակից Լարիսա Հարությունյանը: Անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հիմնական առաջնահերթությունները ներկայացրին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետներ Արտյոմ Մեսրոպյանը և Նարեկ Ենոքյանը:
Արդարադատության փոխնախարարը հանդիպման վերջում հույս հայտնեց, որ ՔՀԿ-ների կողմից ակտիվ առաջարկություններ կստանան: