Այսօր՝ մայիսի 21-ին, գործարկվեց ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը` www.azdararir.am-ը:
ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը միջոցառման մասնակիցներին ընթերցել է փոխվարչապետի ողջույնի խոսքը՝ նշելով, որ հարթակի գործարկումը կարևոր քայլ է՝ ուղղված կառավարության ծրագրային նպատակներին հասնելուն: «Թավշյա հեղափոխությունն արմատախիլ արեց համակարգային կոռուպցիան, և այսօր կառավարության առջև դրված է նոր խնդիր՝ ստեղծելու այնպիսի ինստիտուտներ և ձևավորել քաղաքացիական այնպիսի գիտակցություն, որը կկանխարգելի կոռուպցիոն ցանկացած դրսևորում: Հետևապես, կառավարության գործողություններն ուղղվելու են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները, ինստիտուցիոնալ համակարգը ամրապնդելուն և կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններին պատշաճ գործիքակազմով ապահովելուն»,- մեջբերել է փոխվարչապետի խորհրդականը՝ հավելելով, որ այդ ճանապարհին կարևորվում է ժամանակակից և նորարական տեխնոլոգիաների կիրառումը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին միջոցառմանը մասնակցելու և իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա՝ հավելելով, որ բոլորը գործնականում ականատես են եղել կոռուպցիայի բացասական ազդեցության հետևանքներին: «Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ճանապարհով տանելու նպատակով կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Այդ համատեքստում շատ եմ կարևորում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ հարթակի միջոցով անձը հնարավորություն ունի անանուն եղանակով ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, ինչը հնարավորություն կտա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը որակական նոր փուլ տեղափոխել:
Նախարարը վստահեցրել է, որ կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, երաշխավորելու է անձի անանունությունը նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (IP) ծածկագրելու միջոցով, իսկ հաղորդման բովանդակության գնահատման և ստուգման երաշխավորը Գլխավոր դատախազությունն է լինելու:
Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանն անդրադարձել է հարթակի վերաբերյալ Դատախազության գործառույթներին և լիազորություններին՝ նշելով, որ www.azdararir.am հարթակի գործարկումը չափազանց կարևոր քայլ է կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգային հիմքերի ապահովման և կոռուպցիոն երևույթների կանխարգելման համար:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը նշեց, որ ուրախալի փաստ է, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից դեռ 2 տարի առաջ գործարկվեց Bizprotect.am կայքը, որը լուրջ հաջողություններ ունեցավ, ինչն էլ նախատիպ հանդիսացավ azdararir.am-ի համար: «Շատ կարևոր է, որ այս գործիքն ի սկազբանե հիմնադրվեց ու ստեղծվեց հասարակական սեկտորի հետ լուրջ համագործակցության արդյունքում, ինչը, հուսով եմ, ապագայում կապահովի նաև այն թափանցիկ մոտեցումը, որը որ մենք ակնկալում ենք»,-նշեց նա:
«Սա կարևոր նախաձեռնություն էր, որ հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզի շրջանակներում առաջարկել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, դեռևս նախկին իշխանությունների ժամանակ և վերջին երկու տարիների ընթացքում ընդունվեց օրնքը ոչ միայն ազդարարման համակարգի մասին, այլև գործարկվեց էլեկտրոնային հարթակը»,- մեզ հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա նշեց նաև, որ սա կարևոր գործիք է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման առումով: Նրա խոսքով, մեթոդական որոշ թերություններ կան, որոնք շտկելուն ուղղված Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան շուտով առաջարկություններ կներկայացնեն, որպեսզի այն առավել արդյունավետ ծառայի իր գործին:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ևս կարևորել է հարթակի գործարկումը և նշել, որ Հայաստանը թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մեծ հաջողություն է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: «Այս հարթակը լիարժեքորեն հասանելի է լինելու հանրությանը. այն հաշվառելու է կոռուպցիոն հնարավոր հանցագործությունների հաղորդումները և փոխանցելու է համապատասխան մարմնին՝ հիմքերի առկայության դեպքում դրանց ընթացք տալու համար»,- նշել է Սիլվի Բոսութղոն:
Միջոցառման ընթացքում ԱՆ ներկայացուցիչ Արփի Սարգսյանը ներկայացրել է էլեկտրոնային հարթակից օգտվելու հնարավորությունները, այնուհետև ցուցադրվել են ազդարարման համակարգի և ազդարարի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրազեկման հոլովակները: