Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ-ի համար. Նիկոլ Փաշինյան

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ.

Այսօր ձեզ հանդիպման եմ հրավիրել՝ քննարկելու համար, իմ կարծիքով, այլեւս անհետաձգելի եւ հրատապ լուծում պահանջող մի խնդիր: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորիդ հայտնի քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ կառավարություն, այսինքն՝ գործադիր իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ Ազգային ժողով, այսինքն՝ օրենսդիր իշխանություն:

Վերջին մեկ տարվա իրադարձությունները, սակայն, շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Եվ դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում մեր հանրության շրջանում:

Չեմ կարող եւ չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Այս մասին դատողություններ անելն իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել եւ նույն գնահատականին արժանացնել:

Անկախ ամեն ինչից ակնհայտ է սակայն, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար, եւ սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլեւ Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի, Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի անունից:

Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը իր ազատ կամարտահայտմամբ ձեւավորել է օրենսդիր իշխանություն, Ազգային ժողովի միջազգայնորեն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքներով ձեւավորել է կառավարություն՝ գործադիր իշխանություն:

Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում եւ իրագործվում ժողովրդի դեմ: Որքանո՞վ է իրական այս կանխավարկածը, որքանո՞վ է հիմնավորված, բոլորովին ուրիշ խնդիր է:

Բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է չունի նաեւ գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը:

Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել եմ որեւէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին եւ այս պարտավորությունը պահպանել եմ սրբորեն: Բայց, մյուս կողմից, ցավոք չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային եւ ապօրինի ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետեւ այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական եւ այլ կապերով:

Մի օրինակ կարող եմ բերել միայն. որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն մարտի 1-ի գործով, այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով:  

Եվ դա հիմա արդեն երեւում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներով, եւ այդ որոշումները վերաբերում են նաեւ այսպես կոչված իրացման գոտիների բնակիչների եւ այլ խնդիրներին: Այս իրավիճակն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաեւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր հայտարարած պայքարի վրա:

Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով:

Այս պրոբլեմները, իհարկե, նոր չեն: Եվ ես դրանք գիտակցել եմ վարչապետ ընտրվելու առաջին օրվանից: Բայցեւայնպես՝ հենվելով մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արժեքների վրա, համարել եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է Նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, իր նպաստը բերելու հնարավորություն ունենա՝ այդ թվում քաղաքական կամ իրավական ապաշխարության միջոցով, կոնկրետ քայլերով ժողովրդի վստահությանն արժանանալու միջոցով:

Նաեւ հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը եւ արժեքային համակարգն անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին եւ նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից։

Նման բան, սակայն, տեղի չունեցավ, եւ դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլեւս սպառված: Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետեւ, ինչպես ասեցի, սա երկրի կայունության, բնականոն կյանքի եւ ազգային անվտանգության խնդիր է: Սա նաեւ տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետեւ անվստահելի դատական համակարգն ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցում:

Եվ ուրեմն, հարգելի գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետեւյալում.

  1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
  2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
  3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
  4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։
  5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների:

Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Այս ողջ օրակարգը արդեն երկար ժամանակ մենք քննարկում ենք ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, եւ ես հույս ունեմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետեւ մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին:

Այս հարցում մենք պետք է լայնորեն համագործակցենք նաեւ հայաստանյան քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական հանրության հետ: Ուզում եմ ընդգծել, որ իրապես հասունացել է նաեւ հակակոռուպցիոն պայքարի հստակ, վստահելի եւ ինստիտուցիոնալ լուծումների ժամանակը:

Դատական իրապես անկախ եւ անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, եւ նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, եւ այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ:

Այս է պատճառը, որ անհրաժեշտ համարեցի այս շեշտադրումներով հանդես գալը, որովհետեւ իմ իրավական եւ քաղաքական կարգավիճակի բերումով պարտավոր եմ ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդի լավագույն ակնկալիքները կյանքի կոչվեն, իրականություն դառնան, եւ այդ ամենը տեղի ունենա հնարավորինս անցնցում:  

Հարգելի գործընկերներ.

Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ եւս մեկ թեմայի, որը վերը նշված հետ կապ ունի անուղղակի: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:

Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:

Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

Ամփոփելով Արցախ-Հայաստան թեման՝ կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ եւ աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ եւ աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար:

Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ.

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները խորքային են եւ անշրջելի, եւ այդ փոփոխությունների հեղինակը ոչ թե առանձին վերցրած քաղաքական ուժ է, այլ Հայաստանի Ազատ եւ Հպարտ քաղաքացին, ողջ հայ ժողովուրդը: Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանը ետ շպրտելու անիմաստ մոլուցքով, գործում են ընդդեմ ժողովրդի: Ընդդեմ Հայաստանի ժողովրդի, ընդդեմ Արցախի ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի:

Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը տապալել է կոռուպցիոն համակարգը եւ չի կարող համակերպվել որեւէ այլ արդյունքի հետ, քան այդ կոռուպցիոն համակարգի ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիան: Ինչ վերաբերում է դատական համակարգին, ուզում եմ արձանագրել, որ չի կարող գոյություն ունենալ դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից:

Հայաստանի սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածը հստակ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Հետեւաբար, երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում՝ դատական, որ չի ներկայացնում ժողովրդին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։

Որպես Հայաստանի վարչապետ՝ ինձ համարում եմ Հայաստանում ժողովրդի իշխանության երաշխավորը: Եվ մտադիր եմ այդ իշխանության երաշխավորման նպատակով իրականացնել անհրաժեշտ քայլեր, ընդհուպ՝ անհրաժեշտության դեպքում ժողովրդի անմիջական աջակցությանը դիմելը:

Եվ այս իմաստով, պատեհ եմ համարում մեկնաբանել, թե ի՞նչ նպատակ եւ խորհուրդ ունի այսօր վաղ առավոտից Հայաստանի՝ առանց բացառության բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իմ կոչը:

Այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է,  որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը, հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետեւ դատավճիռները կայացվում են Հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից:

Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք:  

Տիկնայք եւ պարոնայք, սիրելի ժողովուրդ, այս քննարկման արդյունքներով ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերում ուղերձով կդիմեմ դատարանների մուտքերն արգելափակած մեր հայրենակիցներին:

Շնորհակալություն ուշադրության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել