ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել մայիսի 8-ին, գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին: Դատարանն արդեն հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում է ընդունել:
Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/04/2019 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումից պարզ է դառնում, որ Լյովա Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
Նրա նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը:
Հիշեցնենք նաև, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ողբոր՝ Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին: