Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Գլխավոր դատախազություն՝ զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ հարցով:
Իրավաբան.նեթ-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից տեղեկանում է, որ խոսքը հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող 646 զինծառայողների վերաբերյալ անցկացված բժշկասոցիալական փորձաքննությունների և փորձաքննությունների արդյունքում նրանց նկատմամբ որոշումների կայացման, ինչպես նաև դրանց վերստուգման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի մասին է:
«Դրանք ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում։ Արձանագրված փաստերը քննության առարկա դարձնելու, անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու հետագա ընթացքը լուծելու համար ստացված փաստաթղթերն ուղարկել ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն»,-նշեց Գոռ Աբրահամյանը: