Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 14-ին, շարունակվեց 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:
Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր դատական նիստին:
Նրա պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, հարցաքննելու կանչել մինչ այժմ չհարցաքննված 2008 թ-ին Սահմանադրական դատարանի նախագահին և մի քանի անդամների. այս միջնորդությունը կապված էր նաև խափանման միջոցի փոփոխության հետ: Նա նշեց, որ միջնորդության համար հիմք է հանդիսացել «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճռի 103-րդ կետը:
«103-րդ կետի վերջին մասն եմ ուզում ընթերցել: «…Այս սկզբունքը կարող է դատարանից պահանջել հարցաքննել այն վկաներին, որոնց ցուցմունքները առերևույթ կարող են էական ազդեցություն ունենալ կալանքը երկարացնելու հիմքերի օրինականության վրա»: Ուզում եմ հիշեցնել, որ մեղադրանքի մեջ մի առանձին հատված վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների վրա ճնշում գործադրելուն: Մեղադրանքի մեջ այդ հատվածը նկարագրված է հետևյալ կերպ. «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակելով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ՝ դատարանի անդամների նկատմամբ ճնշում գործադրելով, ներազդել է դատարանի անդամների վրա, որպեսզի վերջինններս քվեարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշման օրինական և վավերական ճանաչելու օգտին»: ՍԴ անդամներից այդ ժամանակ հարցաքննվել է ընդամենը 2 հոգի, Ֆելիքս Թոխյանը և Վալերի Պողոսյանը: 2-ն էլ ժխտել են իրենց նկատմամբ ճնշում գործադրելը: Որպեսզի մենք կարողանանք արդյունավետորեն վիճարկենք այս դրվագով հիմնավոր կասկածի առկայության հարցը, և հաշվի առնելով, որ մեղադրանքի մեջ նշված էլ չէ, թե ՍԴ ո՞ր դատավորների նկամամբ է այդ ճնշումը գործադրվել, ուստի մենք միջնորդում ենք դատարան հրավիրել և հարցաքննել այդ ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ անդամներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին»,-նշեց Հայկ Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ նշեց, որ չնայած Կիմ Բալայանը չի հարցաքննվել, սակայն իր տված հարցազրույցներից մեկում ասել է, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել:
Ռոբերտ Քոչարյանը միացավ պաշտպանների միջնորդությանը և հայտարարեց. «Հարցաքննված դատավորիներից մեկը ընդհանրապես նիստին չի մասնակցել՝ հիվանդության պատճառով, 2-րդը նշում է, որ իր վրա ճնշում չի գործադրվել»:
Մեղադրական կողմը առարկեց պաշտպանների միջնորդությանը: Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը ցանկանում է վերոնշյալ անձանց հրավիրել հարցաքննության մեղադրանքի հիմնավորվածությունը գնահատելու համար:
«Վկաների հարցաքննությունը և այս փուլում, հրապարակային դատավարության պայմաններում ապացույցների հետազոտումը խնդրահարույց են: Այս փուլում վկաների հարցաքննությունը ժամանակավրեպ է»,-նշեց Գևորգ Բաղդասարյանը:
Դատախազ Կարեն Բիշարյանն էլ անդրադարձավ Հայկ Ալումյանի կողմից հիշատակված «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին: Դատախազը մեկ այլ հատված մեջբերեց. «Ըստ վկայակոչված վճռի 103-րդ կետի «…դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետը պահանջվում է, որպեսզի կալանքի դեմ բերված բողոքը քննելիս դատարանը ապահովի դատական քննության երաշխիքները: Քննությունը պետք է լինի մրցակցային և պետք է ապահովի կողմերի հավասարությունը: Կողմերի հավասարությունը ապահովված չի համարվում, եթե պաշտպանին մերժում են տրամադրել գործով նախաքննությամբ ձեռք բերված այն փաստաթղթերը, որոնք պետք են նրա պաշտպանյալին կալանքի տակ ապահելու օրինականությունը արդյունավետ չվիճարկելու համար»: Այս կտրվածքով, այստեղ որևէ այսպիսի հարց չի կարող բարձրացվել, որովհետև չկա նախաքննական որևէ նյութ, որը հասանելի չէ պաշտպանական կողմին: Անդրադառնալով Հայկ Ալումյանի կողմից մեջբերված մասին ուզում եմ հայտնել, որ ՄԻԵԴ-ի վռում նշված այդ մասը սկզբունքի վկայակոչում է եղել, որը կիրառելի է եղել Միացյալ Թագավորության համար»:
Դատախազ Պետրոս Պոտրոսյանն էլ հայտնեց, որ պաշտպանների բարձրացրած հարցը վերաբերում է մեղադրանքի հիմնավորվածությանը, ոչ թե խափանման միջոցին:
Ռուբեն Սահակյանն էլ հայտարարություն արեց և նշեց, որ քրեական գործում նրանք որևէ ցուցմունք չեն գտել, որը կհիմնավորի այն մեղադրանքը, որը առաջադրված է կապված ՍԴ անդամների նկատմամբ գործադրված ճնշումների հետ: «Առանց այդպիսի ցուցմունքների բացառում եմ նաև, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ այստեղ կամ մեղադրանք առաջադրվեր այդպիսի բովանդակությամբ: Կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են, սակայն նրանց ցուցմունքները թաքցվել են մեզանից: Հակառակ դեպքում դրանք պետք է լինեին գործում, քանի որ առանց դրանց մեղադրանք լինել չի կարող»,-նշեց Ռուբեն Սահակյանը:
Դատարանում այս կապակցությամբ հայտարարություն արեց նաև Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ համաձայն է դատախազների հետ, սա այս փուլի հարց չէ, հարցաքննությունները պետք է կատարվեին նախաքննության փուլում:
«Քանի որ այն ժամանակ այս կարևոր դրվագի վերաբերյալ, իմանալով ինչ են անում, ուղղորդված քննություն են արել, դրա համար սա դառնում է այս փուլի հարց: Երկու ՍԴ անդամ է հարցաքննվել. ես սա դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ ընտրություն: Ամբողջ գործի քննությունը և գործի վարույթը իրականացվել է այս ճանապարհով: Մարդիկ հարցաքննվում են, երբ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, մյուս հարցերը չեն տալիս, չեն շարունակում: Ես պնդում եմ, որ այդ մարդիկ պետք է գան այստեղ և հարցաքննվեն»:
Պետրոս Պետրոսյանն էլ արձագանքեց 2-րդ նախագահի հայտարարությանը. «Դատարանին ես վկայակոչեցի ՍԴ անդամի ցուցմունք և կա 2-րդ ցուցմունք, որի համաձայն նրանց նկատմամբ եղել է հենց մեղադրանքի բովանդակությանը համահունչ ճնշումներ: Իսկ մնացած առումներով, քանի որ ես արդեն նշեցի, որ մենք այս փուլում չենք բացահայտելու բոլոր հանգամանքները, որոնք առկա են քրեական գործով: Մենք հիմա քննարկում ենք խափանման միջոցի հարցը»:
Հայկ Ալումյանի խոսքով, եթե դատարանը քննարկում է հիմնավոր կասկածի խնդիր, ապա պետք է անդրադառնա այս հարցին, քանի որ մեղադրանքի մեջ գրված է, որ ՍԴ անդամների վրա ճնշումներ են եղել, սակայն գրված չէ, թե որ դատավորների:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը առանց խորհրդակցական սենյակ գնալու միջնորդությունը մերժեց, նշեց, որ մայիսի 13-ին է ուսումնասիրել միջնորդության գրավոր տարբերակը : Հայկ Ալումյանն առարկեց դատարանի որոշման դեմ:
«Համոզված եմ, որ դատարանը այս միջնորդությունը մերժելով կաշկանդված է վկաների, մասնկավորապես, Գագիկ Հարությունյանի անձով, դրա համար չի օգնում մեզ իրացնել մեր իրավունքները»,-ասաց նա:
Դատավորը ծիծաղեց ու հարցրեց Ալումյանին, թե ինչի՞ց է «վերցրել», որ նա Գագիկ Հարությունյանի անձից կաշկանդվում է, Ալումյանն էլ նշեց, որ նա Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է, որից վերջինս կախված է:
«Ձեր վերջին արտահայտությունը տեղին չէր, դատավորը ոչ մի անձից երբևէ կախված չի»,-նշեց դատավորը:
Հայկ Ալումյանը նշեց, որ օրեր առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը «արտոնություն» է ստացել այլ դատավորիների հետ համեմատ, քանի որ 6 ամիս նրան նոր գործ չի մակագրվելու. «Այս գործի ծավալներից ելնելով ենթադրում եմ, որ դրա համար է արգելափակել գործերի մակագրությունը»:
Հիշեցնենք, որ որոշումն ընդունվել է ԲԴԽ-ի մայիսի 13-ին անցկացրած նիստին, որի ժամանակ որոշում է կայացվել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և նրա անուն-ազգանունը վեց ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից:
Նախագահող դատավորը հակադարձեց պաշտպանին՝ նշելով, որ շատ դատավորներ կան, որոնց համար նույնպես արգելափակվել է գործերի մակագրությունը՝ նույն պայմաններով:
Ալումյանն էլ նշեց, որ կասկածում է, թե էլի կգտնվեն դատավորներ, որոնց 6 ամիս գործ չի մակագրվելու. «Ես հարցում կանեմ: Այդ որոշումից երևում է, որ Դուք ԲԴԽ-ի հետ միասին գիտեք արդեն, որ գործը նշանակելու եք դատական քննության, այլ ոչ թե՝ կայացնելու եք այլ որոշում»:
Դատավորը սակայն նշեց, որ ժամկետը կապված է իր վարույթում գտնվող գործերի քանակի հետ և փաստաբանի կարծիքը չի համապատասխանում այն հիմքերին, որոնք իրականում առկա են:
Հայկ Ալումյանը նշեց, որ մնում է իր կարծիքին և սկսեց ներկայացնել խափանման միջոցի վերաբերյալ իրենց միջնորդության հիմքերը: Պաշտպանը նշեց, որ այս գործի առաջին օրվանից դատարանների նկատմամբ եղել է ճնշում: Պաշտպանը վկայակոչեց ԱԱԾ տնեօրենի և ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսված ձայնագրությունը:
Դիմելով դատավորին նա ասաց, որ համոզված է՝ վերջինս հիմա այդ ճնշումը իր վրա զգում է. «Հնարավոր չէ, Դուք հոգեկան ճնշում չզգաք: Հնարավոր չէ, որ դատավորը անտարբեր լինի այն հանգամանքի նկատմամբ, որ եթե ինքը պարոն Քոչարյանին ազատ արձակի, իր նկատմամբ կարող են նույն ճնշումները սանձազերծվել, ինչ սանձազերծվել են Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, որը միակ դատավորն էր, որ փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և վերջինիս ազատ արձակեց»:
Դատավորը՝ դիմելով Ալումյանին, հարցրեց. «Հիմա Դուք ուզում եք ասել, որ իմ հոգեկան վիճակից ավելի լավ եք տեղյակ, քան ե՞ս»: Պատասխանելով դատավորին փաստաբանը նշեց, որ նա պարզապես բարձրաձայնում է այն, ինչ վերջինս չէր համարձակվում ասել:
«Բացարձակապես ոչ մի ճնշում չի եղել դատարանի նկատմամբ»,-նշեց դատավորը:
«Ես դեռ չէի ասել, որ Ձեր նկատմամբ ճնշում է եղել, առաջինը Դուք ասացիք: Ես իհարկե ավելի լավ չեմ կարող իմանալ Ձեր հոգեվիճակը»,-նշեց փաստաբանը՝ դիմելով դատավորին:
Հայկ Ալումյանն իր ելույթի առաջին հատվածում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի անցած ճանապարհին, ներկայացրեց որոշ կենսագրական տվյալներ և նրա նախագահության օրոք Հայաստանում արձանագրված դրական փոփոխությունները:
Պաշտպանը նշեց նաև, որ ՀՀ-ն ներկայացնող ոչ մի անձ չի կարող կասկածի տակ դնել այն, որ 2008 թվականին նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հայտարարել, որ ինքն է իրականում հաղթել, նա կաշկանդված չէ այդ հայտարարությունը անել, սակայն միջազգային հանրությունը ճանաչել է ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունները»,-նշեց Ալումյանը:
Միջնորդության հիմքերի ներկայացումը կշարունակվի վաղը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եվգենյա Համարձումյան