Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:
Նիստում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
Նշենք, որ 2-րդ նախագահի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին նիստը 40 րոպեով ընդմիջել, որպեսզի ինքնաբացարկի միջնորդություն գրավոր ներկայացնեն:
Նշենք, նաև, որ նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդ Վահե Գրիգորյանը, ով նստած է դատախազների կողքին:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հարց բարձրացրեց այն մասին, թե որքանո՞վ է իրավաչափ նրա մասնակցությունը դատական նիստին, ի պատասխան որի, դատավորը նշեց, որ նիստը դռնբաց է և յուրաքաչյուր ոք կարող է նիստին ներկա լինել:









