Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ լավագույն մոդելի, այդ մասով Transparency International-ը ներկայացնող հակակոռուպցիոն փորձագետ Վալց Կալնինշի կողմից ներկայացրած փորձագիտական կարծիքի և Ուկրաինայի հակակոռուպցիոն պայքարի փորձի մասին Իրավաբան.net-ը զրուցել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանի հետ:
-Ըստ Ձեզ, ո՞րն է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ լավագույն մոդելը և ինչո՞ւ։
Մեր՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի տեսլականն այն է, որ Հայաստանին պետք չէ արտատպել որևէ այլ երկրների կոնկրետ հակակոռուպցիոն մարմնի մոդել, այլ անհրաժեշտ է որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարի մեր ուրույն մարմինն ունենալու տեսլականը։ Մեր կարծիքով, պետք է այդ մոդելը կառուցել ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի մոդելի հիման վրա, որպեսզի այս մարմինը կարողանա իրականացնել և՛ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն, և՛ կանխարգելիչ գործունեություն, և՛ կրթական գործունեություն։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենալավ մոդելն է դա, օրինակ Սինգապուր, Հոնկ Կոնգ, Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Բութան, Բոտսվանա և այլն։ Ավելին, Լիտվայի հակակոռուպցիոն մարմինն ի սկզբանե եղել է իրավապահ մարմին, սակայն հետո հասկացել են, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է ունենալ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, և վերափոխվել է ունիվերսալի։ Ավելին, արդեն կան հետազոտություններ, օրինակ Բոտսվանայի վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ երկրում ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին հիմնելն է հանդիսացել հենց այն հիմնական ինստիտուտը, որի գործունեության հետևանքով երկրում կոռուպցիայի մակարդակը նվազել է։ Հավելեմ, որ, Ալբանիան ևս միտված է ունենալ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին։
-Transparency International-ը ներկայացնող հակակոռուպցիոն փորձագետ Վալց Կալնինշը փորձագիտական կարծիք է գրել, որ բազմաֆունկցիոնալ հակակոռուպցիոն մարմին ունենալն ավելի ռիսկային է։ Ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ։
-Կցանկանայի նշել, որ մենք բոլորովին վերջերս միասին մասնակցել ենք հակակոռուպցիոն փորձագիտական քննարկման, որտեղ պարոն Կալնինշը հստակ նշեց, որ որևէ հակակոռուպցիոն մարմնին նախապատվություն չի տալիս։ Ավելին, նախկինում վերջինս որպես հակակոռուպցիոն միջազգային փորձագետ կարծիք է հայտնել Հայաստանի կողմից ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին որդեգրելու վերաբերյալ, ուստի ինձ համար, որպես հակակոռուպցիոն փորձագետի, փոքր ինչ անհասկանալի է պարոն Կալնինշի կողմից հակակոռուպցիոն մարմնի լավագույն մոդելի վերաբերյալ Հայաստանին հակասական խորհուրդներ տալը։
Բացի այդ, նշյալ քննարկմանը վերջինիս զեկույցում նշվում են ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի մոդելին դեմ 5 փաստարկ, իսկ մի փոքր ավելի ուշ՝ իր կողմից նշված փորձագիտական կարծիքում դրանք դառնում են 7-ը։
Նմանապես, քննարկման ընթացքում նրա զեկույցում տեղ են գտնվում տարանջատված մոդելին կողմ խոսող ընդամենը 6 փաստարկ, իսկ ավելի ուշ ներկայացված զեկույցում դրանք հրաշքով դառնում են 8:
Արդյունքում, տպավորություն է ստեղծվում, որ Վալց Կալնինշը փորձել է ամեն գնով հաճոյանալ պատվիրատուներին, ինչը նրա մասնագիտական կոմպետենտության մասին այդքան էլ դրական չի խոսում։ Ավելին, վերջինիս կողմից կազմված փորձագիտական կարծիքում առկա են մի շարք այլ անճշտություններ։
– Ի՞նչ անճշտությունների մասին է խոսքը։
Այդ կարծիքում փորձ է արվում այնպես ցույց տալ հակակոռուպցիոն մարմինների մոդելների զարգացման միտումները, որ ունիվերսալ մարմիններն արդեն հին են, և երկրները գնում են առանձին կանխարգելիչ և իրավապահ մարմիններ ստեղծելու մոդելներով։ Օրինակներից մեկը վերաբերվում է Բուլղարիայի նորաստեղծ Կոռուպցիային հակազդման և անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման հանձնաժողովին՝ որակելով այն որպես կանխարգելիչ մարմին։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Բուլղարիայի հակակոռուպցիոն մարմինը չի կարող համարվել կանխարգելիչ, քանի որ այն ներառում է Ազգային անվտանգության պետական գործակալության կազմի մեջ նախկինում տեղակայված տնօրինություն, ուստի իրավասու է աջակցել դատախազությանը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիայի նախնական քննության հարցում. այն ունի վերահսկողական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու լայն լիազորությունների շրջանակ: Ավելին, նշյալ մարմինը ստեղծվել է նաև ապօրինի ակտիվների առգրավման (սառեցում, forfeiture) հանձնաժողովի հիման վրա, և այժմ պատասխանատու է ապօրինի ակտիվների առգրավման և բռնագրավման համար: [1] Ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք լիազորությունների այս լայն շրջանակն ավելի շատ կանխարգելիչ են, թե՝ իրավապահ։ Բնականաբար, իրավապահ ([1]since it incorporates a directorate previously located in the State Agency for National Security and is competent to assist the prosecution in investigations of suspected high-level corruption: it has extensive competence to carry out surveillance and intelligence measures. Furthermore, the mentioned agency has been established based on the former commission for illegal assets forfeiture and is now responsible for the seizure and confiscation of illicit assets.)։ Ինչպես տեսնում ենք, Բուլղարիան կարելի է ավելի շատ դասել ունիվերսալ մարմինների շարքին, քան կանխարգելիչ, իսկ ավելի կոնկրետ Բուլղարիան որդեգրել է հակակոռուպցիոն պայքարի իր ուրույն մոդելը։ Սակայն սա միակ օրինակը չէր։ Որպես ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին որդեգրած երկրներ Եվրոպայում՝ նշվում են Լեհաստանը, Լատվիան և Լիտվան, մինչդեռ Մոլդովայի Ազգային հակակոռուպցիոն կենտրոնը ևս դիտվում է որպես ունիվերսալ մարմին, ինչի մասին նշված չէր փորձագիտական կարծիքում։ Ավելին, զուգահեռներ են անցկացվում Ուկրաինայի և Մոլդովայի հակակոռուպցիոն մարմինների միջև՝ փորձելով ցույց տալ միաժամանակ և իրավապահ, և կանխարգելիչ մարմիններ ունենալու միջազգային հարուստ փորձ, այնինչ դրանք ամբողջովին տարբեր են, քանի որ, ինչպես վերը նշվեց, Մոլդովան որդեգրել է կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մոդելը։
-Վերջերս շատ է խոսվում Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմնի որդեգրման մասին։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Կարող եմ նշել, որ ըստ միջազգային ցուցանիշների՝ Ուկրաինան կոռուպցիայի դեմ պայքարում գտնվում է շատ ավելի վատ հորիզոնականում, քան՝ Հայաստանը, ուստի անհասկանալի է, թե ի՞նչ հիմնավորմամբ մենք պետք է որդեգրենք կոռուպցիայի դեմ պայքարի հենց Ուկրաինական մոդելը։ Ուկրաինայում այս պահին գործում են մի քանի հակակոռուպցիոն մարմիններ, և կարելի ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը Ուկրաինայում ձախողված է, քանի որ կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմինը թե Ուկրաինայի Թրանսփարենսի Ինթերնեշն հակակոռուպցիոն կենտրոնի, թե այլ միջազգային փորձագիտական գնահատականներով համարվում է կոռումպացված և ընդհանրապես արդյունավետ չգործող մարմին, իսկ իրավապահ մարմինները միմյանց հետ անբարեխիղճ մրցակցության մեջ են՝ երկուստեք ստեղծելով անհարկի խոչընդոտներ։ Ուկրաինայի միայն իրավապահ մարմիններից մեկն է վերջերս մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձի ձերբակալել, սակայն դա ինստիտուցիոնալ բնույթ չունի։ Պրոյեկտենք ՀՀ-ի վրա։ Եթե կառավարության ղեկին չլինի Նիկոլ Փաշինյանը, ով դրսևորել է կոռուպցիայի դեմ պայքարի ցանկություն, ապա ՀՀ-ում էլ կոռուպցիոն բացահայտումները կդադարեն։ Ուստի, անհրաժեշտ է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված ինստիտուցիանալ կառույց և անհրաժեշտ է դա տեսնել մեկ ունիվերսալ մարմնում, որպեսզի խուսափենք վերջերս դրսևորված հակակոռուպցիոն միջգերատեսչական մրցակցությունից, որի ցայտուն օրինակը Պետական վերահսկողության ծառայություն և Ազգային անվտանգության ծառայություն հակակոռուպցիոն անառողջ մրցակցություն է: