Արսեն Ջուլֆալակյանի կողմից ձեռնարկատիրական գործունեության անհամատեղելիության փաստի ստուգման հետ կապված անհրաժեշտ է ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով

Այսօր՝ մայիսի 6-ին, լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ «մայիսի 5-ին, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն»:

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է միջադեպին, հերքել՝ ծեծի մասին տեղեկությունը և այլ մանրամասներ ներկայացրել:

 

«Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում»,-ասվում է հայտարարության մեջ, իսկ ավելի ուշ ավելանում է հետգրությունը՝ 

«Հ.գ. որպեսզի մի հատ էլ հիմա նոր անիմաստ թեմա չբացվի, թե «ինչու՞ է պատգամավորը բիզնեսով զբաղվում…», մեկից ասեմ, փետրվարից սրճարանը վարձով է տրված, մինչև էդ էլ երբեք անձամբ չեմ զբաղվել դրա գործերով, եղել եմ «պասիվ ինվեստոր»։

Հարկ է նշել, որ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Ավելին, նույն հոդվածի երկրորդ կետը սահմանում է, որ պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է` դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

Հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման»:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, պատգամավորական էթիկայի կանոնների մեջ է մտնում նաև օրենքը հարգելը և օրենքին ենթարկվելը, տվյալ դեպքում` պատգամավորի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելը` բացառությամբ հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով:

Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնը ստանձնել է հունվարի 14-ին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պաշտոնը ստանձնելու հայտարարգիրը նա ներկայացրել է փետրվարի 14-ին: Նա հայտարարգրել է.

  • 2 բնակարան, 
  • Հասարակական նշանակության շինություն,
  • հողամաս,
  • Mercedes-Benz ML350 4MATIC մակնիշի ավտոմեքենա:

Նրա փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1.000.000 դրամ, 2.000.000 դրամ և 100.000 դոլար: 

Դրամական միջոցները կազմել են՝50.000 դոլար, 50.000 եվրո և 2.000.000 դրամ:

Եկամուտները կազմել են 450.000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից, և 600 եվրո, որը գույքային իրավունքներից ստացված եկամուտ է:

Ինչպես երևում է՝ Արսեն Ջույլֆալակյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ արժեթղթեր և այլ ներդրումներ չի հայտարարագրել:

Հարկ է նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածը սահմանում է շահերի հայտարարագրի բովանդակությունը, որի համաձայն.

1. Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր կամ առնվազն 10 տոկոսի մասնակից են հանդիսանում բարձրաստիճան պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, հասցեն:

2. Հայտարարագրի` «Ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը և հասցեն, որի կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված է բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև այդ կազմակերպությունում անձի կարգավիճակը:

3. Հայտարարագրի՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը և հասցեն, որում բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման, կամ հավատարմագրային կառավարչի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, պայմանագրի գործողության ժամկետը:

Եթե անգամ սրճարանը փետրվար ամսին է տրվել վարձակալության և պատգամավորն էլ անձամբ չի զբաղվել սրճարանի աշխատանքներով, միևնույն է. հիշատակված օրենքներից և պատգամավորի գրառումից («Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար») հետևում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն առնվազն անհրաժեշտ է ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն՝ խնդրո առարկայի վերաբերյալ, մասնավորապես` Արսեն Ջուլֆալակյանի կողմից ձեռնարկատիրական գործունեության անհամատեղելիության փաստի ստուգման հետ կապված:

 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել