Քաղաքացին ահազանգում է բուժհաստատությունում կաշառք պահանջելու դեպքի մասին

Իրավաբան.net-ին է դիմել Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Սեդա Զեյնալյանը: Մեզ հետ զրույցում նա հատնեց, որ ապրիլի 29-ին իր ամուսնու՝ Վալերի Սարգսյանի հետ զինվորական հոսպիտալի համար անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու նպատակով այցելել են Աբովյան քաղաքում գտնվող Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, որտեղ հաշվառված է եղել իր ամուսինը:

«Պետք է ռենտգեն անեին ու պատասխան տային, շարունակվել է հիվանդությունը, թե՝ ոչ: Թղթերը վերցրել են ու դրել մի կողմ, երևի մի 10-12 հոգի եկան, նրանց թղթերը դնում են մեր թղթերի վրա: Բաժնի աշխատողին, Անիին հարցնում եմ, թե ինչու մեր թուղթը չեք վերցնում, որպեսզի Վալերիին տանեք, նկարեք, նա էլ ինձ պատասխանում է՝ դա իմ գործն է, ոնց կուզեմ, այդպես էլ կանեմ: 2 ժամից ավելի սպասել ենք: Հետո եկել ու մեզ ասում է, որ նկար չկա, մեզ վերադասը ինչպես կարգադրել է, այդպես ենք անում: Ես այնտեղ եմ եղել, նրանց վերադասը ոչինչ չի ասել: Ում փաստաթղթերը ուզում վերցնում էր, ումը չէ՝ չէ»,-պատմում է Սեդա Զեյնալյանը:

Նրա խոսքով, կենտրոնում հաշվառված հիվանդի նախկին թղթերը արխիվից վերցնելու հետ ևս խնդիր է առաջացել:

«3-4 անգամ իջնում է ներքև, բարձրանում է, ասում է՝ ոտքերս ցավում է, չեմ կարողանում, դե գիտես չէ՞ Սեդա, թե ինչ եմ ուզում ասել: Հարցնում եմ՝ ի՞նչ ես ուզում ասել, ասում է՝ դե, մի 1000 դրամ պիտի տաս, քանի որ ես այդքան իջնում, բարձրանում եմ: Նորից տարել է, նոր կաբինետ է մտցրել, որպեսզի 1000 դրամ գումար տամ: Ես ասացի, որ 1000 դրամ ինչի՞ տամ, եթե դու աշխատավարձ ես ստանում, բացի այդ էլ Վալերին ազատամարտիկ է, դու իրանի՞ց պետք է փող ուզես: Տեսավ, որ ես արդեն ջղայնանում եմ, ասաց՝ կներես»,-պատմում է Սեդա Զեյնալյանը:

Սեդա Զեյնալյանը հայտնում է, որ մյուս հաճախորդներից էլ է հետաքրքրվել, աշխատակիցը նրանցից էլ է գումար պահանջել:

Նշենք նաև, որ Սեդա Զեյնալյանը և նրա ամուսինը ապրում են միայն Սեդա Զեյնալյանի թոշակի և նպաստի հաշվին, չունեն այլ եկամուտներ. «21 հազար դրամ թոշակ եմ ստանում, 18 հազար դրամ նպաստ, իսկ ամուսինս ոչինչ էլ չի ստանում, հաշմանդամ է, կանտուզիա է ստացել: Հիմա զինվորական հոսպիտալից հետազոտման են ուղարկել, որ տեսնենք ինչ է լինում»:

Սեդա Զեյնալյանը նաև նշում է, որ միջադեպի հետ կապված զրույց է ունեցել բուժհաստատության բաժիններից մեկի վարիչի հետ: Բարձրացրած աղմուկի ձայնից մոտեցել են հաստատությունում հերթապահ ոստիկաններն ու միջնորդել, որպեսզի քաղաքացու փաստաթղթերը պատշաճ կարգով տրամադրվեն:

Այժմ Սեդա Զեյնալյանը պահանջում է աշխատանքից ազատել կենտրոնի աշխատակիցներից երկուսին՝ Սոնային և Անիին:

Իրավաբան.netկապ հաստատեց նաև Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Քոչարյանի հետ, որը զարմացավ ներկայացրած պատմությունից. «Ոնց կարող է այդպիսի բան տեղի ունենալ, ես զարմանում եմ: Ես հենց հիմա կճշտեմ»:

Տնօրենը հայտնեց, որ հիվանդներից ոչ ոք իրեն չի մոտեցել և դեպքի մասին ոչ մի բան չի հայտնել. «Իմ դուռը բոլորի առջև բաց է: Ես մի քանի անգամ զգուշացրել եմ բոլորին, թե՛ բժշկական անձնակազմին, թե՛ հիվանդներին, ցանկացած պահին ու հարցով կարող են դիմել ինձ, բայց նման ահազանգ ես չունեմ»:

Նրա խոսքով՝ կենտրոնի վճարովի ծառայությունների ցանկը հաստատվում է իր հրամանով և դրանք բացառապես բժշկական ծառայություններին վերաբերող են և ոչ փաստաթթղթերի տրամադրման:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել