Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել և որոշում է կայացրել Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանից:
Նշենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Օրենսգրքի 310.1-րդ հոդվածը վերաբերում է ապօրինի հարստանալուն , որը սահմանում է.
«1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին 5 միլիոնը գերազանցող գումարը (արժեքը)»: Օրենքի այս դրույթը ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ին:
Քրեական օրենսգրքի «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը» վերտառությամբ 314.3-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Դիմողը նշում է, որ վիճարկվող հոդվածներով սահմանված հանցակազմերն ունեն հատուկ սուբյեկտ՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ: Այդ հոդվածների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ դրանք ձևակերպված են բլանկետային դիսպոզիցիայով, այսինքն՝ հանցակազմերի բովանդակությունն ու տարրերը, այդ թվում՝ սուբյեկտային կազմը, կարող են որոշվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին, մասնավորապես՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանող դրույթին հղում տալու միջոցով, քանի որ Օրենսգիրքը չի բացահայտում, թե ով է հայտարարագիր ներկայացնող կամ հայտարարատու պաշտոնատար անձը, այլ ուղղակիորեն հղում է տալիս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին: Դիմողը կարծում է, որ խնդրո առարկա հանցակազմերի սուբյեկտների կազմը պետք է որոշվի բացառապես «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի օրենքի 32-րդ հոդվածով, որն ըստ էության չի փոխվել, այնուամենայնիվ, 2018 թվականի ապրիլի 9-ից գործող օրենսդրական կարգավորումները փոխել են հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ դրանցից հանելով մի շարք պաշտոնատար անձանց:
Ըստ Վաչագան Ղազարյանի՝ ինքը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ ինչպես 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝ «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո:
Որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչը հայտնում է, որ դիմողի ներկայացրած փաստարկները և վերլուծությունները չեն տալիս այն հարցերի պատասխանը, թե վիճարկվող դրույթներն ինքնին ինչպե՞ս են հակասում Սահմանադրությանը, սահմանադրական ի՞նչ պահանջներ են խախտում կամ ի՞նչ իրավունքների իրականացմանն են խոչընդոտում:
Պատասխանողի կարծիքով՝ դիմողի ներկայացրած փաստարկներով վիճարկումը «օրենսգիրք-սահմանադրություն տիրույթում չէ», և այդ փաստարկները սույն սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթների հակասահմանադրականության հստակ կապ և հիմնավորում չեն պարունակում:
Պատասխանողը պնդում է. «Դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ խնդրո առարկա դրույթների սահմանադրականությամբ», և դիմողը բացառապես վիճարկում է իր նկատմամբ այդ դրույթների կիրառման իրավաչափությունը, հիմք ընդունելով դրանց տրված մեկնաբանությունը, հետևաբար՝ գործի վարույթը ենթակա է կարճման:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես գտնել է, որ գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ, նախ՝ դիմողը բարձրացնում է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության, այլ իրավունքի բացի հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ և գտնվում է բացառապես օրենսդրի իրավասության շրջանակներում, և երկրորդ՝ դիմողն իրականում բարձրացնում է ոչ թե նորմերի հակասահմանադրականության, այլ դրանց կիրառման իրավաչափության հարց:
Սահմանադարկանա դատարանը որոշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
Եվգենյա Համբարձումյան