Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը:
Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին ողջույնի իր խոսքում նշեց, որ կոռուպցիայի դեմ պայաքարում Հայաստանում տեսանելի արդյունքներ կան, ինչի համար շնորհավորում է: «Ինձ պես մարդկանց համար Հայաստանն այսօր այլ երկիր է, քան եղել է մեկ տարի առաջ: Սա մի բան է, որով կարող եք հպարտանալ և ոչ միայն կառավարությունը, քանի որ, իմ կարծիքով, սրա մասին երազել է ողջ հայությունը: Բայց, ինչպես պաշտոնատար անձանց հետ կապված որոշ դեպքերն են ցույց տալիս, կոռուպցիոն ռիսկերը մնայուն են: Այսպիսով, պատրաստ եղեք երկար պայքարի: Եվրոպական միությունը մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:
Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նախարար Արտակ Զեյնալյանի անունից շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին համաժողովը կազմակերպելու և միջոցառման մասնակիցներին՝ իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: «Ինչպես նկատել եք, կոռուպցիան արմատախիլ անելու վճռականությունը ցայտուն կերպով արտացոլված է նաև կառավարության ծրագրում և կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ուղով տանելու նպատակով, կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Վերոգրյալի համատեքստում չափազանց կարևորում եմ նման համաժողովների կազմակերպումը և իրականացումը, քանզի սա լրացուցիչ հարթակ է ականջալուր լինելու քաղաքացիական հասարակության առաջարկություններին և մտահոգություններին, միջազգային մասնագետների կողմից ներկայացված փորձին, պետական մարմինների ներկայացուցիչների կարծիքներին»-նշեց է Տիգրան Խաչիկյանը:
Նա նաև անդրադարձել է միջոցառման առանցքային նշանակությանը և նշել, որ այն բաղկացած է լինելու կոռուպցիայի դեմ պայքարում վճռորոշ դեր խաղացող բաղադրատարրերի վերաբերյալ քննարկումներից, մասնավորապես, գողացված ակտիվների վերականգնման մեխանիզմներ, ազդարարման համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ գործունեություն, հակակոռուպցիոն կրթություն:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր խոսքում նշեց, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները աննախադեպ են Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության կտրվածքով: «Դժվար է գերագնահատել համաժողովի նշանակությունը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետական համակարգ-քաղհասարակություն ձևաչափով, միջազգային փորձագետների ներգրավմամբ, քննարկման առարկա է դարձվում Հայաստանի Հանրապետության, իբրև սոցիալական, իրավական և
ժողովրդավարական երկրի զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեցող հակակոռուպցիոն մշակվող ռազմավարության առաջնահերթությունները, այդ չարիքի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու խնդիրը: Իրավապահ համակարգը և մասնավորապես ՀՀ դատախազությունն այստեղ ունի առաջնային դերակատարում և առաքելություն»,-ասաց դատախազը:
Նա նշեց, որ նախորդ տարի ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերի քանակը 2017թ. ցուցանիշը գերազանցել է գրեթե 4 անգամ, հարուցված քրեական գործերինը՝ 3.6 անգամ: Կոռուպցիոն հանցագործություններ առերևույթ կատարելու համար 2017թ. համեմատ քրեական հետապնդման է ենթարկվել ավելի քան 60 տոկոսով ավելի անձ: Գրեթե նույնքան ավելի է եղել քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը:
«2018թ. փողերի լվացման հատկանիշով 7 քրեական գործ է հարուցվել: Դա այն դեպքում, երբ 2017թ. այդ հանցակազմով քրեական գործեր չեն հարուցվել: Իսկ օրենսդրորեն ապօրինի հարստացման քրեականացումից հետո, անցած տարվա ընթացքում, այդ հանցագործության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ:
2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված գույքային վնասը 2017թ. արդյունքը գերազանցում է 12 անգամ, իսկ պատճառված ընդհանուր վնասից վերականգնման ցուցանիշը՝ 15 անգամ»,-ներկայացրեց գլխավոր դատախազը:
ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիի խոսքով, ողջունելի է նման համաժողովի անցկացումը, որի ժամանակ փորձագիտական երկար ճանապարհ անցած մասնագետները կկարողանան կիսվել իրենց փորձով:
«Այժմ Հայաստանում արագ միջակություններից պետք է անցնել հեռանկարային մտածելակերպին. առ այն, թե ինչպիսին պետք է լինի հակակոռուպցիոն ռազմավարությունը, ինչպիսի ինստիտուցիոնալ կառույցներ պետք է լինեն և ընդհանրապես հասարակությունում ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենա, որպեսզի կոռուպցիան նվազի: Մենք չենք ասում արմատախիլ անել, որովհետև չկա մի երկիր աշխարհում, որտեղ կոռուպցիոն արմատախիլ արված լինի»,-նշեց նա:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը համաժողովի կազմակերպիչների անունից շնորհակալություն հայտնեց տարբեր երկրներից և Հայաստանից ժամանած հյուրերին՝ միջոցառման մասնակցության համար: «Միջոցառումը շատ կարևոր է, քանի որ քննարկվելու է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ունենք կարևորագույն խնդիրներ՝ կապված ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն համակարգի, ակտիվների վերադարձի, հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և իրավապահ գործունեության հետ կապված»,-ասաց Կարեն Զադոյանը:
Համաժողովին ներկա էին միջազգային փորձագետեր՝ ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, Սինգապուրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային ծառայության արդյունավետության բարելավման գլոբալ կենտրոնի «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղության և ներառական հասարակությունների համար» ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան, ՄԱԶԾ Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան, Համաշխարհային բանկ / ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագիր (OCCRP-Կովկաս), տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսսը, ՄԱԹՀՊԳ հակակոռուպցիոն կրթության փորձագետ, Հակակոռուպցիոն ակադեմիական նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքս Պետկովը և այլք:
Նրանք զեկույցներ ներկայացրին հակակոռուպցիոն ռազմավարության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի, կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության ոլորտում: