«ԲիզՊաշտպան» (bizprotect.am) էլեկտրոնային պորտալը շարունակում է նոր հարթակներում հանդես գալ:
ՀՀ ֆինանսների նախարարության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի համագործակցության շրջանակներում «ԲիզՊաշտպանին» ձեր հարցերն այսուհետ կարող եք ուղղել նաև ֆինանսների նախարարության գնումների համակարգման կայքում՝ gnumner.am-ում, ինչպեսև գնումների հայտերի ու պայմանագրերի հրապարակման՝ armeps.am կայքում։
Բիզնես ներկայացուցիչները կարող են իրենց մտահոգող հարցերի ու խնդիրներ մասին անանուն կամ բացահայտ կերպով տեղեկություն տրամադրել: Գնումների ոլորտի վերաբերյալ «Բիզպաշտպանը» արդեն իսկ տարբեր խնդիրների մասին տեղեկություններ է ստացել, որոնց պատշաճ կարգով ընթացք է տրվել:
2017 թվականից՝ գործարկման օրից մինչ օրս քաղաքացիներից ստացված մի շարք խնդիրներն ու խախտումները «Բիզպաշտպանի» օգնությամբ լուծվել են:
Հարկ է իմանալ, որ bizprotect.am-ի միջոցով.
- Քաղաքացիներն իրավունք ունեք իրենց հուզող բիզնես խնդիրների վերաբերյալ անանուն կերպով հայտեր ներկայացնել: Տրամադրած հայտը ամբողջությամբ կկոդավորվի: Բացի այդ, գործում են գաղտնիության հավելյալ երաշխիքներ Tor ինտերնետ բրաուզերով օգտվելու դեպքում և տեղեկություն տրամադրի համակարգչի IP հասցեն չի բացահայտվի, հետևաբար ոչ ոք չի կարողանա պարզել տեղեկություն տրամադրողի ինքնությունը:
- Հայտը կայքում ներկայացնելուց հետո տրամադրած տեղեկությունը կուսումնասիրվի փորձագետների կողմից, ովքեր սեղմ ժամկետներում կպատասխանեն դիմողին՝ բարձրացված հարցի լուծման նպատակով։
- Բիզնես ներկայացուցիչների կողմից տրամադրված տեղեկությունը կարող է օժանդակել մասնագետներին՝ հատկորոշելու փաստերի վրա հիմնված բարեփոխումներ և նվազեցնելու բյուրոկրատական քաշքշուկները: Բարեփոխումներն իրականացվում են հանրային- մասնավոր հատվածի երկխոսության ֆորմատով։
- Կայքի շնորհիվ քաղաքացիները կարող են ծանոթանալ բիզնես ոլորտի վերջին նորություններին, օրինակ` հարկային, մաքսային և այլ ենթաոլորտներում օրենսդրական փոփոխություններին և այլն: Բացի այդ, կարող են իրազեկված լինել բիզնես ոլորտում իրականացվող տարաբնույթ միջոցառումների և այլնի մասին։
Այս ամենից բացի Bizprotect.am-ը հնարավորություն է տալիս պետական մարմիններին իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ ազդակներ ստանալ բիզնեսի ներկայացուցիչներից, և այդ ազդակները կարևոր են իրենց աշխատանքը բարելավելու համար: