Նախարարը բազմիցս շեշտել է, որ «ատկատ» այլևս չկա, պետպատվերն արդար է, փաստորեն այդ ամենը սուտ է. Գևորգ Գրիգորյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 2-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել  առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության հայտարարության,  ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թ-ի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է  ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Որպես Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, որպես հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի անդամ, որպես պրակտիկ բժիշկ ու որպես ՀՀ քաղաքացի Գևորգ Գրիգորյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ դատապատում է կոռուպցիայի ցանկացած դրսևորում. «Մասնավորապես, երբ դա վերաբերում է առողջապահության ոլորտին, որովհետև առողջապահության ոլորտում  եղած կոռուպցիոն դրսևորումները ոչ թե ազդում են մի անձի կամ մի քանի անձերի 10-20 հոգանոց խմբի վրա, այլ ազդում է ընդհանուր բնակչության առողջության վրա և նեգատիվ կերպով է ազդում»,-հավելեց նա:

Գևորգ Գրիգորյանի խոսքով, այժմ ոչ այդքան առողջ մրցակցություն է ձևավորված պետական տարբեր կառույցների միջև կոռուպցիայի բացահայտման առումով: Նրա կարծիքով, ՀՀ-ին անհրաժեշտ է ունենալ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որպեսզի հնարավոր լինի համակարգային կերպով պայաքարել կոռուպցիայի դեմ:

«Չեմ կարծում, որ մի դեպքով է սահմանափակվում ոլորտային կոռուպցիան: Ես բազմիցս ասել եմ, որ ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր, կան օրինագծեր և որոշումներ, որ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր և իմ ասածը փաստով ամրագրվում է: Նախարարության այն դիրքորոշումը, որ առաջին անգամ պետպատվերը արդար է բաշխվում և այլն, դառնում է, որ սուտ է: Մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ որոշ կլինիկնաերի պետպատվերներն աճում են, որոշ կլինիկաներինը անարդար կերպով նվազում են: Ընդ որում նվազում են պետական կլինիկաների պետպատվերները՝ առանց հաշվի առնելու, որ նախարարության ենթակայության տակ գտնվող հիվանդանոցները պետք է հզոր լինեն, որպեսզի առողջապահական շուկայում գինը թելադրող լինեն, որակը թելադրող լինեն»,-նշում է նա:

Գևորգ Գրիգորանը նաև նշում է, որ պետական հիվանդանոցների պետական պատվերի քանակը իջեցվում է, իսկ մասնավորներինը՝ բարձրացվում:

«Չեմ ուզում խախտեմ անմեղության կանխավարկածը, բայց փաստացի՝ ԱԱԾ-ի գործողությունների համաձայն, պետպատվերի համար այսպես ասած «ատկատ» է տրվել, որի մասին նախարարը բազմիցս շեշտել է, որ նման գործունեություն չի ծավալվում, «ատկատ» այլևս չկա, պետպատվերն արդար է: Փաստորեն այդ ամենը սուտ է»,-նշում է նա:

Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման, առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություն մատուցելու հնարավորություն է տրամադրվում առողջապահության նախարարի 2005 թ-ի սեպտեմբերի 17-ի «Բժշկական օգնություն և սպասարկման պետակա պատվերի տեղադրման կարգը և պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետ ցուցանիշները սահմանելու մասին» թիվ 49-Ն հրամանով սահմանված կարգով»:

Ձեզ ենք ներկայացնում նաև պետպատվեր ստացած բուժհաստատությունների ցանկը:

Գևորգ Գրիգորյանի խոսքով, կոռուպցիոն դրսևորումները հիմա նվազման չեն կարող գնալ, քանի որ համակարգային առումով առողջապահության ոլորտում որևէ բան չի փոխվել:

«Շատ տեղերից լսել եմ, որ այն գաղափարը, որ բժիշկների աշխատավարձերը բարձրացվել են՝ իրականությանը չի համապատասխանում: Հիմա մենք ունենք նախարարի հայտարարությունը, որ առաջնային առողջապահական օղակում բժիշկների ախատավարձը բարձրացվել է, իսկ բժիշկներից շատ շատերը նշում են, որ իրենց աշխատավարձը չի բարձրացվել և այդ գաղափարի տակ ներդրվել է պետական գումար: Իսկ ու՞ր է կորել այդ գումարը: Դա էլ պետք է վերլուծվի և հասկացվի, եթե մարդն ասում է բարձրացվել է աշխատավարձը, իսկ ստացողն ասում է, որ չի բարձրացվել, ստացվում է, որ դուրս գրված գումարն արանքում որևէ տեղ կորել է:

Այս մասին առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առաջնային պահպանման օղակի բժշկական անձնակազմի աշխատավարձերը բարձրացվել են շուրջ 15 տոկոսի չափով, ինչը հնարավոր է եղել իրականացնել պոլիկլինիկական համակարգի ֆինանսական միջոցների ներքին վերաբաշխման միջոցով:

 

«Թե կաշառք տվողին եմ դատապարտում, թե կաշառք վերցնողին: Կոռուպցիայում երկու կողմն են մեղավոր: Եթե չլինի առաջարկ, չի լինի պահանջարկ»,- նշում է Գևորգ Գրիգորյանը և հավելում, որ կոռուպցիան միայն դրամ տալով կամ ստանալով չի սահմանափակվում, այն համակարգային գաղափար է:

Նրա խոսքով, այժմ կոռուպցիոն դրսևորումները հիմա նվազման չեն կարող գնալ, քանի որ համակարգային առումով առողջապահության ոլորտում որևէ բան չի փոխվել:

«Քննությունը կպարզի, համապատասխան մեղադրանքները կհնչեցվեն, դատարանն իր եզրակացությունը կտա, նոր մենք կկարողանանք ասել, որ այս կամ այն գործիչը կաշառակեր է կամ կոռուպցիոներ է: Այդ պիտակավորումը դեռևս շուտ է դնել: Բայց այն փաստը, որ նման խոսակցություն կա, նման երևույթ կա առողջապահության ոլորտում՝ հնարավոր չէ փոխել»,-ասաց Գևորգ Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել