Նախկին նախարար Արամ Հարությունյանի հետ կապված գործի վերաբացման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

Այսօր՝ մարտի 26-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ բնապահպանության նախկին նախարար և 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի գործով դատական նիստը։

Նիստը նախագահում էր դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Քննվում էր Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ գործով մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի ներկայացրած բողոքը, ով չէր ներկայացել դատական նիստին: Քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիման վրա գործի վերաբացման իրավաչափությունը:

Նիստը երկու անգամ ընդմիջվեց, քանի որ նիստերի դահլիճում չէր նաև Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանը:

Քննիչը ներկայացավ և պնդեց հաշվի առնել նախկինում իր կողմից ներկայացրած միջնորդությունը՝  դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, դատարանը բավարարեց միջնորդությունը և կարգադրեց նիստը դարձնել դռնփակ՝ հաշվի առնելով նաև այն, որ գործում առկա են անձնական և բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Հավելենք, որ փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը՝ Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լիլիթ Խանոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել