Այսօր՝ մարտի 22-ին, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ֆինանսավորված «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կողմից կազմակերպվել էր քննարկում՝ «Տարեց մարդկանց իրավունքների անտեսումը, նրանց հանդեպ անտարբերության հիմնախնդիրը» թեմայով:
«Հայաստանում առկա ավագ սերնդի մարդկանց հանդեպ օգտագործվող բառապաշարն այնքան տհաճ է, որ ես չեմ էլ ուզում կրկնել: Ես կառաջարկեի բառապաշարը փոխել: Շատ բարեհունչ, լավ բառեր կան. ավագ սերունդ, ծայրահեղ դեպքում՝ տարեցներ, ես կառաջարկեի՝ ոսկե սերունդ, քանի որ այդ մարդկանց մոտ փորձառության, իմաստնության կուտակված պաշար կա, գոյություն ունեն նաև ոսկե սերնդի համալսարաններ, որտեղ վերապատրաստում են այդ մարդկանց, քանի որ բոլորս ունենք վերապատրաստումների կարիք»,-նշեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով, Հայաստանում այդքան մեծ ուշադրություն չի դարձվում տարեց անձանց խնդիրներին, այնինչ եվրոպական երկրներում այն սոցիալական առաջնահերթ խնդիրներից է: Չնայած սրան՝ Հովսեփ Խուրշուդյանը նշում է, որ քննադատություն է ուղղում եվրոպական կառույցներին՝ Հայաստանում այս խնդրին կարևոր նշանակություն չտալու համար. «Երկու տարի լինելով Արևելյան գործընկերության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ, մշտապես փորձել եմ լոբբինգ անել: Այդ գործիքները մենք ունեինք եվրոպական կառույցներում, այդ թվում միջկառավարական պլատֆորմներում, որին անդամակցում են նաև Հայաստանի պաշտոնյաները: Լոբբինգ էր արվում այդ ուղղության զարգացումը՝ տարեցների խնդիրների լուծման և ֆինանսական առումով, և վերաբերմունքի ու մեթոդաբանության առումով: Ես հասկանում էի, որ դա Եվրամիության առաջնահերթ նախապատվության մեջ չէ մեր երկրներում»,-նշում է նա:
Քննարկմանը ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը: Նա նշեց, որ կարելի է խոսել տարեց մարդկանց հիմնախնդիրների մասին, որոնց մեջ կարող են լինել անտեսման, անտարբերության տարրեր, բայց պետք չէ ասել, որ Հայաստանում տարեցները բացարձակ անտարբերության են մատնված:
«2014 թվականին Վիեննայում նախարարական խորհրդի հավաք է եղել, ընդունվել է մի շատ կարևոր ազդակ, որ զուտ խնամքի ծառայություններից մենք անցում ենք կատարում ակտիվ և առողջ ծերացման: Տարեցները ոչ թե պետք է կախյալ վիճակում լինեն ծառայություններից կամ պետությունների իշխանությունների կամքից, այլ իրենց համար պետք է այնպիսի բարեկեցիկ ու ապահով միջավայր ստեղծվի, որ նրանք ծերանան՝ առողջ ու ակտիվ կյանք վարելով: Այստեղ մենք շատ կարևորում ենք համայնքների դերը»,- ասաց Անահիտ Գևորգյանը:
Քաղհասարակության կազմակերպությունների դերը տարեցների պաշտպանության հարցում ներկայացրեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիալ-առողջապահական ծառայությունների խորհրդատու, տարեցների պաշտպանության համակարգող Աննա Գրիգորյանը:
Նա նշում է, որ բացեր կան մատչելի առողջապահության ոլորտում: «Խնդիրները բազաթիվ են: Մի տեղ կա հասանելիություն և չկա որակ, մի տեղ կա որակ, հասանելիություն չկա, մի տեղ էլ ամեն ինչը կա, բայց մասնագետների կողմից կա նաև էթիկական կոդեքսի խախտում: Ամենօրյա աշխատանքի ընթացքում, երբ ուղեկցում եմ, շատ հաճախ թերապևտը կամ նեղ մասնագետը հանգիստ կարող է ասել՝ «բերել ես որ ի՞նչ»»,-մի շարք խնդիրների մասին խոսելիս նշեց Աննա Գրիգորյանը:
Նշենք, որ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց ոչ միայն տարեցներին վերաբերող խնդիրներ, այլև դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: