Դատական նիստին մասնակցելու կարգը

Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Դատական նիստերի դահլիճից դատավորի դուրս գալու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում:
Դատարանի եզրափակիչ դատական ակտերը դահլիճում ներկաները լսում են կանգնած:
Դատավարության մասնակիցները դատական նիստում դատարանի և դատավարության այլ մասնակիցների հետ հաղորդակցվում են կանգնած:
Դատարանին դիմում են «Հարգելի դատարան» դիմելաձևով:
Վերոնշյալ 3 մասերով սահմանված պահանջները կարող են չպահպանվել նախագահողի թույլտվությամբ:
Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նիստին ներկա անձանց անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ կարգուկանոնը:
Դատավարության մասնակիցները և դատական նիստերին ներկա անձինք պարտավոր են պահպանել սույն օրենսգրքով սահմանված կարգուկանոնը:
Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկաներն առանց դատարանի թույլտվության իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:
Դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել