Այսօր 18:30-ին Ազատության հրապարակից մեկնարկեց 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետևանքով զոհերի հիշատակին նվիրված քայլերթը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչով դիմել էր քաղաքացիներին և հայտարարել. «Ապօրինությունների, իրավունքների ոտնահարումների, չարաշահումների դեմ պայքարում, իշխանության վերնախավի կողմից թույլ տրված հանցագործությունների բացահայտման գործում մենք հաղթելու ենք անխուսափելիորեն, որովհետև ժողովուրդը և կառավարությունը միասնական են, իսկ այսպիսի միասնությունը անպարտելի է ու աներեր:
Եվ արտահայտելու համար մեր հենց այսպիսի միասնությունը, մեր համատեղ նվիրվածությունը արդարությանը, օրինականությանը, ժողովրդավարությանը, իրավունքների պաշտպանությանը, այսօր՝ ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Ազատության հրապարակից երթ իրականացնելու դեպի Մյասնիկյանի արձան: Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին և մեր վճռական ոչը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը»,-նշել էր նա:
Երթի մասնակիցները Ազատության հրապարակ-Մոշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ երթուղով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանի մոտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական և քաղաքական մի շարք գործիչներ, քաղաքացիներ ծաղնիկներ խոնարհեցին և մոմեր վառեցին արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:
2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ: