Կառավարության նիստից հետո Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարց հնչեց, թե արդյո՞ք նա տեղյակ է եղել իր աշխատողների գործողությունների մասին:
«Այս 2 օրերի ընթացքում որոշները հասցրեցին ինձ համար մահախոսական կարդալ, բայց ասեմ, որ գերազմանոցում էլ լինեմ՝ կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու: Դուք հիմա ուզում եք, որ ես հանցագործության մասին հաղորդում տամ իմ վերաբերյա՞լ, ասում եք, որ տեղյա՞կ եմ եղել կոռուպցիոն գործարքի մասին: Նման բան չի կարող լինել: Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ-ի օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են: Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի»,-նշեց նա:
Նա նաև հայտնեց, որ ԱԱԾ իր գործընկերներին հորդորել է պահել նախաքննական գաղտնիքը և «մուտիլովկաներով» հայտնի մարդկանցից հեռու պահել գործի մանրամասները:
Սանասարյանի խոսքով՝ հեմոդիալիզի շուկան շարունակելու են ուսումնասիրել. «Մրցակցային չի եղել այդ ոլորտը: Կոնկրետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին սպասարկել է ընդհամենը 1 կազմակերպություն: Մենք առաջարկություն ենք կատարել, որի արդյունքում 8-9 կազմակերպություն առաջին անգամ մասնակցել է մրցույթին, որովհետև մինչև այդ գրված է եղել միայն 1 կազմակերպության համար: Առաջին անգամ շուկան բացվել է՝ մեր աշխատակիցների շնորհիվ»,-նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք ԱԱԾ-ից, ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ-ի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ. Ա-ն՝ օժանդակելով նշված պաշտոնատար անձանց և գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր: Համապատասխան տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատությունների համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով, ինչի հետևանքով խարխլվել է պետական մարմնի հեղինակությունը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, խաթարվել է գնումների բնականոն գործընթացը, ինչի հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունն՝ ուղղված բժշկական օգնության որակի ապահովմանն ու բարձրացմանը, այլև վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք և նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։
Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գնումների բնագավառում բոլոր կոռուպցիոն դրսևորումները և դրանց առնչվող անձանց բացահայտելու, պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները՝ շուտով տեսնյութում