Ներկայացվել է նախագիծ, որն ուղղված է բնապահպանական խնդիրների լուծմանը

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերում առաջարկվում է կատարել փոփոխություններ՝ նոր բնապահպանական հարկի ավելացմամբ և արգելք՝ թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարման դեպքում՝ առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից:
Մասնավորապես՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 171.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետևյալ դրույթը՝ առևտրի օբյեկտներում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ու  առևտրի իրականացման վայրերում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6305 33 ծածկագրին դասվող` թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարման դեպքում այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` բնապահպանական հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ հատի համար 100 դրամից։
Նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի մեկից:
«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումն արգելվում է։
Նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել