ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր գնահատականն է տվել նոր կառավարության ջանքերին՝ կոռուպցիայի դեմ պայքարում:
Նա ևս մեկ անգամ նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է քաղաքական կամք:
«Ամեն ինչ սկսում է քաղաքական կամքից, որը գալիս է վերևից, առանց դրա կոռուպցիայի դեմ պայքար չես կարող իրականացնել: Բայց քաղաքական կամքը լինելով իմպերատիվ պայման, բավարար չէ: Ինչ վերաբերում է ինստիտուտների ստեղծմանը, մենք պետք է հասկանանք, որ նոր կառավարությունը ուզում է հիմնել նոր, անկախ հակակոռուպցիոն մարմին, կոմիտե, որը կունենա ունիվերսալ լիազորություններ»,-նշել է Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, Եվրամիությունը կարող է օգնել կառավարությանը, տալ խորհրդատվություն, քանի որ կառույցը կառուցողական տրամադրվածություն ունի:
«Միանշանակ, մենք պատրաստ ենք օգնել: Հայաստանը կարիք ունի նոր օրենսդրության, երբ կարդում ես կառավարության ծրագիրը կան նաև օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ դրույթներ: Կան կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններ, ինչը լավ նշան է: Պետք են նոր օրենքներ կոռուպցիայի դեմ պայքարում: Վերջապես, Հայաստանում պետք է հասարակական ընկալում լինի, անհանդուրժողականություն կոռուպցիայի դեմ: Ինչպե՞ս հասնել դրան, կան տարբեր եղանակներ և ձևեր, հանրայի արշավներ, այլ գործողություներ: ԵՄ-ն պատրաստ է օգնել, բայց հայկական կողմից պետք է լինի նախաձեռնությունը: Մենք շատ կառուցողական տրամադրվածություն ունենք, հակված ենք աջակցելու»,-նշել է դեսպանը: