Կենսաթոշակ նշանակելու կարգը

«Պետական կենսաթոշակների մասին» գործող օրենքի համաձայն տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև` հետևյալ ժամանակահատվածները՝
1. գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.
2. ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.
3. ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.
4. Կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` ութ տարուց ոչ ավելի.
5. օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` հինգ տարուց ոչ ավելի.
6. ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.
7. բռնադատված կամ քրեական հետապնդման ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները` եռակի չափով` սկսած 14 տարեկանից.
8. սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ժամանակահատվածները՝
• զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները,
• Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինվորական ծառայությունը` հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում,
• 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածը,
• դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների` կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:
• մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակահատվածը,
• զինծառայությունն այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, ովքեր զինծառայությունից արձակվել են կամ այդ պետություններից հետ են կանչվել զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակահատվածը,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ.
• 1992 թվականի փետրվարի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայության ժամանակահատվածը,
• 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածը:

Ուշադրություն. 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի մեջ վերը նշված ժամանակահատվածները չեն ներառվում: Այսինքն՝ անձը պետք է ունենա 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, վերը նշված ժամանակահատվածները չհաշված, որպեսզի այդ ժամանակահատվածները հաշվառվեն աշխատանքային ստաժում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել