Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի զինվորական դատախազության դատախազ Հարություն Մաշադյանը

Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հարություն Մաշադյանը պաշտոնին նշանակվել է այս տարվա փետրվարի 4-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ․-ի մարտի 7-ին:

24-ամյա երիտասարդի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին նշանակվելու թեման այժմ ակտիվ քննարկվում է համացանցում: Նշվում է հատկապես այն հանգամանքը, որ նա բարձրաստիճան պաշտոնյայի որդի է: 

Թեպետ Հարություն Մաշադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին դեռ չի ներկայացրել նոր պաշտոնը ստանձնելու իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հարություն Մաշադյանը հայտարարագրել է.

  • 2 բնակարան, 
  • 2 ավտոտնակ,
  • 5 հողամաս,
  • Volkswagen Touareg 3,6 մակնիշի ավտոմեքենա:

Նրա  հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 40.000 դոլար: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ և 130 հազար դոլար: 

2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը՝ մարտի 7-ը, նրա ստացված եկամուտները կազմել են 247 հազար դրամ, որի ստացման աղբյուր է նշվել՝ այլ եկամուտը:

Նշենք նաև, որ Հարություն Մաշադյանը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդին է: Ռաֆիկ Մաշադյանն այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի մայիսի 24-ին: Մինչ աjդ նա զբաղեցրել է Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի պաշտոնը, որում նշանակվել էր 2017 թվականի հոկտեմբերի 5-ին:

Չնայած այս հանգամանքին, Հարություն Մաշադյանի հայտարարագրում այս մասին նշում չկա արված:

Ձեզ ենք ներկայացնում նաև Հարություն Մաշադյանի կենսագրությունը.

Ծնվել է 04.01.1995թ․-ին։

2010 թ․-ին ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

2013 թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին ։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։

2017 թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։

2017 թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։

2018 թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։

2019 թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց ընդամենը շուրջ 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող 24-ամյա երիտասարդին այսքան գույք:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել