Ինչպես արդեն հայտնել էինք, Քննչական կոմիտեի նախնական տվյալներով, Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը:
Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ հունվարի 17-ին Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ: Իսկ նա մինչ օրս չի ներկայացել նախաքննական մարմին:
Իջևան ԲԿ-ի նախկին տնօրենը՝ Նարեկ Վանեսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ մամուլից է տեղեկացել քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության կողմից հարուցված քրեական գործի մասին և քիչ առաջ է խոսել տվյալ գործով քննիչի հետ:
«Տեղեկացա, որ ինձ ավելի վաղ ուղարկվել է որպես վկա հարցաքննվելու ծանուցում, որը սակայն չեմ ստացել: Միևնույն ժամանակ նշեմ, որ օրենքով սահմանված կարգով ներկայանալու եմ Տավուշի քննչական վարչություն՝ գործի մանրամասներին տեղեկանալու համար»,-նշեց Նարեկ Վանեսյանը։
Նա նաև հավելեց, որ իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ տեղեկությունը, որը շրջանառվում է մամուլում, չի համապատասխանում իրականությանը: «Եթե ես չեմ ստացել ծանուցում, հետևաբար չէի կարող ներկայանալ նախաքննական մարմին և այս դեպքում խոսք անգամ չի կարող լինել ստորագրությամբ ազատ արձակվելու մասին»,-ասաց նա:
Նարեկ Վանեսյանը նաև նշեց, որ նման իրավիճակում պետք չէ շահարկել իր և առողջապահության նախարարի՝ Արսեն Թորոսյանի հարաբերությունները: «Ցավում եմ, որ սա հերթական անգամ ներկայացվեց առողջապահության նախարարի հետ իմ ունեցած ենթադրյալ հարաբերությունների կոնտեքստում»,- հավելեց նա: