Ե՞րբ կարող է դատապարտյալը նորից ներման խնդրագիր ներկայացնել, եթե նախորդ անգամ մերժվել է

«Ներման մասին» ՀՀ օրենքի համաձյան ներումը՝ մարդասիրական դրսևորում է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանցագործության համար դատապարտված անձին կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից կամ պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով.

Ներման խնդրագիրը գրավոր դիմում է, որը հանցագործության համար դատապարտված անձը ներկայացնում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ներում շնորհելու նպատակով:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձան ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ: Ներման միջնորդություններ ներկայացնելու դեպքում դրանք կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներկայացրած ներման խնդրագրին: Ներման միջնորդությունները չեն քննարկվում, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներման խնդրագիրը: Ներման միջնորդությունները չքննարկելու դեպքում դրանք վերադարձվում են:

Ներման խնդրագիրը ներառում է՝

  1. ներման խնդրագիրը ներկայացնող անձի անունը, ազգանունը.
  2. ծանուցման վայրի մասին նշում.
  3. գործի հակիրճ նկարագրությունը.
  4. ներման խնդրագրով հայցվող խնդրանքի էությունը.
  5. դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ.
  6. ներման խնդրագիրը հիմնավորող հանգամանքները.
  7. ներման խնդրագիրը ներկայացնող անձի կարծիքով ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ներման միջնորդությունների առկայության դեպքում ներման խնդրագիր ներկայացնող անձը դրանք կարող է կցել ներման խնդրագրին:

Ներման խնդրագրին ներկայացվող պահանջները չպահպանելն արգելք չէ ներման խնդրագրի քննարկման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ներման խնդրագրով հնարավոր չէ նույնականացնել այն ներկայացնող անձին:

Ներման խնդրագրերը սույն օրենքով նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում կամ պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):

Ներման խնդրագրերը պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվելու դեպքում պատիժը կատարող մարմնի վարչակազմը ներման խնդրագրերը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է նախարարություն:

Ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնում են նախարարություն: Ներման միջնորդությունները ՀՀ վարչապետին (այսուհետ՝ Վարչապետ) կամ ՀՀ նախագահին (այսուհետ՝ Հանրապետության նախագահ) ներկայացնելու դեպքում դրանք ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նախարարություն, եթե ներման խնդրագիրը համապատասխանաբար Վարչապետի կամ Հանրապետության նախագահի մոտ չէ:

Օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը Հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո։

Մինչև նշված ժամկետի ավարտն ստացված ներման նոր խնդրագրերը վերադարձվում են և ենթակա չեն քննարկման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել