«Ներման մասին» օրենքի համաձայն՝ ներումը մարդասիրական դրսևորում է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահը նույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանցագործության համար դատապարտված անձին կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից կամ պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով:
Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ներման խնդրագիրը՝ գրավոր դիմում է, որը հանցագործության համար դատապարտված անձը ներկայացնում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն՝ ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու նպատակով:
Այժմ շատ է քննարկվում՝ արդյո՞ք ներման ընթացակարգը պետք է գաղտնի լինի, թե՝ ոչ:
Փաստաբան Արա Ղազարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ տեղեկություն ստանալը հասարակության ֆունդամենտալ իրավունքն է: «Երբ բացարձակ ինֆորմացիա չի տրամադրվում, դա նորմալ չեմ համարում, այլ բան է, թե ո՞ր պահից կարող է հասարակությունը իմանալ: Հասարակության իմանալու իրավունքը ոչ միայն տեղեկություն ստանալու իրավունք է, այլև ինչ-որ չափով քաղաքական իրավունք, այսինքն, ինչ-որ չափով հասարակությունը կարողանում է վերահսկել իշխանություններին: Եթե հասարակությանը վերջում տեղեկացնեն, հասարակությունը չի կարող որոշակիորեն ազդել գործընթացի վրա, դա նշանակում է՝ ուշացած է ինֆորմացիան: Ինձ թվում է, որոշակի փուլում, թեկուզ հանձնաժողովի որոշումը կայացնելուց առաջ կամ հետո, որոշակի ինֆորմացիա հանրությանը պետք է տրամադրվի»,-նշում է փաստաբանը:
Անդրադառնալով Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրին, Արա Ղազարյանը նշում է, որ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ է գրվել խնդրագրում:
«Եթե դրա անունը ներման խնդրագիր է, ապա հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է գրել դրանում, եթե նա իր մեղքը չի ընդունում, այստեղ որոշ հակասականություն կա: Հանրային հուզումները պայամանավորված են հենց այդ հակասություններով: Ես վստահ եմ, որ այնպես չէ՝ մարդկանց մեծամասնությունը չի ուզում՝ նա դուրս գա: Ազատության իրավունքը ֆունդամենտալ իրավուք է, և որևէ մեկը չի ցանկանա ցմահ զրկվել ազատությունից»,- նշում է նա:
Այն հարցին, թե արդյո՞ք պետք է ներում շնորհելիս հաշվի առնել տուժող կողմի կարծիքը, փաստաբանը նշում է, որ պետք է մի քանի տեսանկյունից նայել հարցին: «Առաջինը դա դատապարտյալի ազատության իրավունքն է, երկրորդը՝ տուժողի իրավունքն է, որպեսզի համարժեք պատիժ ստանա հանցագործություն կատարած անձը և երրորդը՝ հասարակության շահն է, որպեսզի հանցագործության համար նախատեսված պատիժն ունենա ընդհանուր կանխարգելիչ ուժ: Եթե քրեական օրենսգիրքը որևէ հանցագործության համար սահմանաում է շատ մեղմ կամ մեղմ պատիժ, ապա այդ նորմը դադարում է կանխարգելիչ ուժ ունենալ, որպեսզի մյուսները նման գործողություններ չկատարեն»,-մանրամասնում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ անրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը: Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:
Ալիսա Չիլինգարյան