Նիկոլ Փաշինյանը Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել նախագահին

Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես սահմանում է «Ներման մասին» օրենքը, առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Եթե հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Եթե հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և վարչապետն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա վարչապետը Հանրապետության նախագահի առարկության ստացման պահից հնգօրյա ժամկետում, առարկությանը համապատասխան, խմբագրում է հրամանագրի նախագիծը և ներկայացնում Հանրապետության նախագահին:

Եթե Հանրապետության նախագահը առաջարկությունը եռօրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունվելու դեպքում չի դիմում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, ապա հրամանագրի նախագիծն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից:

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու` Իոսիֆ Աղաջանովի սպանության համար /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել