Այսօր ժամը 13-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցում մահացել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր Խաչիկ Հովհաննիսյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Արտաշատի հիվանդանոցի հերթապահ ռեանիմատոլոգ Գրիգոր Շատյանը:
Իրավաբան.net-ի աղբյուրի փոխանցմամբ` դատավորին հիվանդանոց են տեղափոխել հենց դատարանից:
Արտաշատի հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ Խաչիկ Հովհաննիսյանը լիարդի ցիռոզ է ունեցել:
Խաչիկ Մայիսի Հովհաննիսյանը ծնվել է 1958 թվականին Արտաշատ քաղաքում։
1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաներ և տրակտորներ» ֆակուլտետում։
1990 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, ունի սպայի կոչում։
1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Արտաշատի գինու գործարանում, սկզբում՝ որպես առաքիչ, հետո` իրավախորհրդատու։
1994 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Արտաշատի պետական նոտար։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
Լուսանկարը` court.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net