Փոփոխությունը կհանգեցնի ծառայությունների թանկացմանը, կազդի փաստաբանի անկախության վրա. Արա Զոհրաբյան

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Այս նախագծով նախատեսվում է հաշվապահական հաշվառման, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, այդ թվում` փաստաբանների, խորհրդատվական ընկերությունների համար շրջանառության հարկ վճարող համարվելու հնարավորությունը սահմանափակել:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշում է, որ այս նախագիծը կհանգեցնի ծառայությունների թանկացմանը, կազդի փաստաբանի անկախության վրա, լրացուցիչ աշխատանքների կարիք կստեղծի:

«Փաստաբանական ծառայությունները թանկանալու են, և այս խնդրի թիրախը դառնալու է հասարակությունը, սա անուղղակիորեն բերելու է դատական մատչելիության  սահմանափակմանը, որովհետև քաղաքացիները ելնելով դաշտի թանկացման խնդրից, կարող են խուսափել դատարան դիմելուց»,- նշում է նա:

Արա Զոհրաբյանի խոսքով, որ փոփոխությունը լրացուցիչ աշխատանք է ստեղծելու փաստաբանների համար, քանի որ փաստաբանը ստիպված է լինելու հատուկ հաշվապահական ռեժիմով աշխատել:

«Փաստաբանը չի կարող արդեն առանց հաշվապահի գնալ առաջ: Եթե շրջանառության հարկի դեպքում շատ պարզ հաշվապահություն է պահանջվում, որևէ գումար նախատեսելուց գիտի, որ դրա 5 տոկոսը պետք է վճարի և վերջ, այստեղ պետք է հստակ ծախսագրումները հիմնավորվի, հաշիվներ դուրս գրի, հատուկ ծրագրերում լինի, սա լրացուցիչ ծախսեր է առաջացնում փաստաբանների համար: Սա նաև լրացուցիչ վերահսկիչ լծակներ է տալիս հարկային մարմնին, ինչը կարող է ազդել փաստաբանի վրա»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:

Նախագծի հետ կապված հաջորդ դժգոհությունն էլ այն է, որ նախագիծը մշակելիս շահագրգիռ կողմերի հետ ոչ մի քննարկում, հանդիպում, համագործակցության առաջարկություն չի եղել: Չի փաստարկվել նաև նմանատիպ փոփոխություն մտցնելու անհրաժեշտությունը:

«Փաստաբանները շատ վճռական են տրամադրված, ընդհուպ մինչև բողոքի ակցիաների գնալ, որովհետև հասկանում են, որ այսպես չի կարելի: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ փաստաբանությունը կարծես դարձել է թիրախ: Ցավոք, վերջին մի քանի ամսվա ընթացքում շատ հաճախ են սկսում փաստաբանների պաշտպանության առիթով ահազանգել, հայտարարություն տարածել, խորհուրդ հրավիրել, որը, կարծում եմ, նորմալ չէ»: Նա նշում է, որ արդեն իսկ մի շարք մտահոգություններ է լսել փաստաբաններից:

Հունվարի 29-ին Փաստաբանների պալատում տեղի ունեցած փաստաբանների ակումբի նիստին որոշվել է կազմակերպել քննարկումներ և մասնակցել այլ հանրային միջոցառումներին, որոնք վերաբերում են նախագծի վիճելի դրույթներին, զանգվածային լրատվության միջոցներով ներկայացնել նախագծի թերությունները, իրավասու պետական մարմիններին ներկայացնել առարկություններ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ, դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքով:

Հավելենք նաև, որ հունվարի 24-ին, մի խումբ հասարակական կառույցներ գրությամբ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով այն բացասական հետևանքները, որոնք բխում են հանրային քննարկման ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի նախագծից:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել