Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանն այսօր արժանացավ Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի կողմից սահմանված «Տարվա քաղաքացի» մրցանակին:
«Այս մրցանակը տրամադրում ենք այն անձին, ով իր խախտված իրավունքների վերականգնման համար ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ և Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի կազմի մեջ մտնող, բոլոր մարզերում գործող Կենտրոններից մեկի իրավական օգնության շնորհիվ 2012թ.-ին կարողացել է վերականգնել խախտված իրավունքները»,- Իրավաբան.net-ին ասաց ՀԵԻԱ նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Սուրեն Քոչարյանի իրավական խնդիրը այն էր, որ նույն համայնքի բնակիչ Ռաֆիկ Այվազյանը դիմել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող անասնապահական համալիրի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Դատարանը վճռել էր հայցը բավարարել և վճռի հիմքում դրվել էին ոչ վերաբերելի ապացույցներ՝ թույլ տալով մի շարք նյութական ու դատավարական սխալներ: Ավելին, հայցի բավարարման հիմքում դատարանի կողմից դրվել են ոչ միայն գործում եղած ապացույցները, այլ նաև մեկ այլ քաղաքացիական գործում գտնվող ապացույցները։
Հակակոռուպցիոն կենտրոնի և ծրագրի փաստաբանի կողմից վերը նշված վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ընդունվել է վարույթ և քննության առնվել, որի արդյունքում դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` բեկանել և փոփոխել: Հայցվորի կողմից նաև այս որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել է:
Աղբյուրը՝ իրավաբան.net