Ապրանքներ, որոնք ենթակա չեն վերադարձնելու կամ փոխարինելու

Ընդհանուր առմամբ սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, սակայն կան բացառություններ:

ՀՀ կառավարությունը սահմանել է ապրանքների ցանկ, որոնք պատշաճ որակ ունենալու դեպքում էլ չեն կարող վերադարձվել:

Այդ ապրանքներն են՝

• ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք

• անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)

• պարֆյումերակոսմետիկական ապրանքներ

• տեքստիլ ապրանքներ (բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն) մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ

• կարի ու տրիկոտաժի արտադրանք (տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք)

• պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)

• կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ

• կենցաղային կահույք (կահույքի հավաքածու և լրակազմ)

• թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր

• ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ

• երաշխիքային ժամկետներ ունեցող կենցաղային նշանակության տեխնիկապես բարդ ապրանքներ (մետաղահատ և փայտամշակման հաստոցներ, կենցաղային էլեկտրական մեքենաներ ու սարքեր, կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատներ, հաշվիչ և բազմացնող կենցաղային տեխնիկա, լուսանկարչական ապարատներ, կինոապարատներ, հեռախոսային ու ֆաքսիմիլային ապարատներ, էլեկտրական երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ)

• քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները

• կենդանիներ և բույսեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել