Հույս ունենք, որ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը կլինի այն բեկումնային փաստաթուղթը, որը կփոխի մարդկանց կյանքը. Կարեն Զադոյան

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Միջոցառման առաջին մասում քննարկվեց  2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:

«Ինչպես գիտեք, նախկին ռազմավարության հայեցակարգը ընդունվեց գաղտնի պայմաններում և հանրությունը տեղյակ չէր: Մենք հայտարարությամբ հանդես եկանք, որ ոչ թափանցիկ կերպով հայեցակարգ է ընդունվում և դրանից հետո սկսեցինք լուրջ մասնակցություն ունենալ և համագործակցել կառավարության հետ: Այս ընթացքում մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ են համատեղ իրականացվել: Մեզ համար շատ կարևոր էր, որ այս անգամ կառավարությունը մասնակցային կերպով է սկսել ռառազմավարության նախագծի քննարկումը»,-նշեց Կարեն Զադոյանը:

Նա նշեց, որ այս նախագիծը նույնիսկ տեղադրված չէ e-draft.am-ում և առաջին անգամ քննարկվում է քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների հետ. «Մենք խնդրել ենք արդարադատության նախարարությանը և վարչապետին, որպեսզի  մի քանի ամսով հետաձգեն այս ռազմավարության վերջնական ընդունումը և հաստատումը, որպեսզի հնրաավորություն ընձեռնվի մասնագիտական շրջանակներին լայն կերպով մասնակցություն ունենալ ռազմավարության և միջոցառումների պլանի վերջնական տարբերակի մշակման հարցերում: Եթե վարչապետը, կառավարությունը որոշեն հետաձգել ռազմավարության ընդունումը, ապա  նախատեսում ենք նաև փետրվարին կառավարության հետ միասին մեծ աշխատաժողով կազմակերպել՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ, ինչը հնարավորություն կտա ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը շատ ավելի լեգիտիմ և մասնագիտական հենք ունեցող փաստաթուղթ դարձնել»:

Կարեն Զադոյանը կոչ արեց բոլոր ներկաներին և շահագրգիռ անձանց մասնակցություն ունենալ, խորությամբ ուսումնասիրել փաստաթուղթը, որպեսզի վերջնական տարբերակում ստանան այնպիսի փաստաթուղթ, որն իսկապես փոփոխություններ կբերի ՀՀ քաղաքացիների կյանքում:

«Մենք ունեցել ենք շատ փաստաթղթեր, որոնց վերաբերյալ գրել ենք, թե իրականացված են, բայց մարդկանց կյանքում դրանք ոչ մի փոփոխության չեն բերել: Հույս ունենք, որ այս ռազմավարությունը կլինի այն բեկումնային փաստաթուղթը, որը կբերի փոփոխություններ: Ողջունում եմ կառավարության այն մոտեցումը, որ փաստաթուղթը կազմված է կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնական հենասյուների հիման վրա՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն»,- նշեց Կարեն Զադոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել