Բացառվում է, որ Ազգային անվտանգության ծառայության բոլոր փաստաթղթերը գաղտնազերծվեն և հրապարակվեն:
Այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ի պատասխան Իրավաբան.net-ի այն հարցին, թե արդյո՞ք կողմ է անցումային արդարադատության շրջանակներում նաև լյուստրացիայի (մաքրագործում) մեխանիզմի կիրառմանը: Օրինակ, հետսովետական երկրներում պետական անվտանգության կոմիտեի փաստաթղթերը գաղտնազերծվեցին և մարդիկ, ովքեր պետական պաշտոն էին զբաղեցրել և միևնույն ժամանակ աշխատել էին այլ պետության շահերի համար, հեռացվեցին համակարգից:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր անցումային արդարադատություն անցկացնելու մասին:
«Դա չի կարող լինել, քանի որ դրա անհրաժեշտությունը նախ չկա, էն երկրում բան չի փոխվել, այս երկիրը նույն ՀՀ-ն է: Ես դրա դեմ ամենամեծ պայքարողը կլինեմ, եթե նման որոշում կայացվի: Ձեր ասած լյուստրացիան անհնար է»,- նշեց Վանեցյանը։
Այնուհետև լրագրողը հարցրեց, թե նա լյուստրացիայի կիրառման ինչ տարբերակ է տեսնում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.
«Օրինակ՝ կա լյուստրացիա, որ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող բոլոր պաշտոնյաները նոր կառավարությունում տեղ չեն գտնում: Ես ընդհանրապես լյուստրացիայի գաղափարին համաձայն չեմ… 20 տարի եղել է մի հասարակարգ, որտեղ մարդիկ ապրել ու աշխատել են: Հիմա պետք չէ մտածել, որ նախկին իշխանությունների օրոք պաշտոնավարած մարդիկ բոլորը հանցագործ են»:
ԱԱԾ տնօրենն իր խոսքում անդարադձավ նաև այն լուրերին, որ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը պետությանը նվիրելու է «Գոլդեն Փելես» հյուրանոցը և հավանական է, որ հետագայում այդ գործը կարճվի:
Սրա վերաբերյալ Իրավաբան.net-ի լրագրողը հարց տվեց, թե ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը, արդյո՞ք բավարար օրենսդրական հիմքեր կան.
«Բոլոր գումարները, որոնք վերադարձվում են պետական բյուջե, վերադարձվում են օրենքի պահանջներին համապատասխան, կամայական որևէ գործողություն չի իրականացվում, հիմնական հարուցված քրեական գործերը վերաբերում են քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածին, որտեղ պարզ գրված է, որ վնասը վերականգնելու դեպքում գործը կարճվում է: Մնացած դեպքերում, եթե գործը կարճվի, կկարճվի, ենթադրաբար, վերջերս ընդունված համաներման շրջանակներում: Մյուս դեպքերում դատարանում դա կդիտվի մեղմացուցիչ հանգամանք և դատարանը կորոշի: Այսինքն, ես խնդրում եմ բոլորը ճիշտ հասկանան: Չկա մի դեպք, երբ մենք մարդուն, կներեք բառիս համար, «ռեկետ» ենք անում: Կա հստակ օրենսդրություն, որի շրջանակներում իրականացվում է այդ գումարների վերադարձը պետական բյուջե»: